«Օֆշորային ընկերությանը կտան, ինձ չե՞ն տա». փաստաբանը կառավարությունից ու ՊՆ-ից անտոկոս վարկ է խնդրել

Ռազմական տեխնիկա արտադրող ռուսական «Օրսիս Արմս» ընկերությունը, որը երկար տարիներ մասնակցել է Հայաստանում զենքի մատակարարման գնումների գործընթացին, 2019-ին կանգնել է փաստի առաջ․ գնումների պլանում կատարված փոփոխության արդյունքում ռուսական ընկերությունը զրկվեց զենք մատակարարելու հնարավորությունից։

Ռուսական ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասում է, որ «Օրսիսին» ասպարեզից դուրս մղելու գործընթացն իրականացվել է ապօրինի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ուղիղ ցուցումով։ Այժմ ընկերությունը դատական գործընթացների մեջ է։

Թեմայի առնչությամբ Ալեքսանդր Սիրունյանը պատասխանել է «Մեդիալաբի» հարցերին։ 

– Պարո՛ն Սիրունյան, դուք պարբերաբար հայտարարում եք, որ պաշտպանության նախարարությունում գնումների գործընթացը ապօրինի է կազմակերպվել, որ ՊՆ-ում կատարվել են կեղծիքներ, չարաշահումներ։ Բայց իրավապահներին ձեր ներկայացրած հաղորդումները ընթացք չեն ստանում։ 

– Չեն էլ ստանա։

– Ինչո՞ւ։ Ո՞րն է խնդիրը։

– Երբ Հայաստանի զինվորական դատախազը և ՊՆ-ում գնումների գործընթացի պատասխանատու Գ․ Աֆրիկյանը բաջանաղներ են, երբ զինվորական գործերով քննչական բաժնի պետ Գ․ Մայիլյանը և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փեսա-աներձագ են, երբ նախարարը և նրա տեղակալ Գաբրիել Բալայանը քավոր-սանիկ են՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ գործեր հարուցվեն և առավել ևս՝ ընթացք ստանան։ 

– Դավիթ Տոնոյանը, կարծես, համակարգում չէ հիմա։

– Բայց նրա հարազատ-բարեկամ-ընկերները հո կան, համակարգում են ու աշխատում են։ 

– Այսինքն՝ համոզված եք, որ ՊՆ-ում փորձ է արվել ապօրինությունները ծածկադմփո՞ց անել։

– Թող գնան քննեն ու պարզեն՝ արդյոք մեր մտավախություններն ու հայտարարությունները ճի՞շտ են։ Դրա համար իրենք աշխատավարձ են ստանում։ Թող քննեն ու հերքեն՝ Հակոբյան Մովսեսը սուտ է ասում, ահա՝ փաստերը, Սիրունյանը սուտ է ասում, որ գնումների պլան չի փոխվել, ահա փաստերը, բաջանաղ ու քավոր-սանիկ չեն իրար և ամեն ինչ ճշգրիտ է եղել։ Թող էդքան բան կանգնեն ասեն, բայց՝ փաստերով։ 

Գյուղապետի մասին գրում են, որ պետական բյուջեից 45 հազար դրամ ավելորդ ծախս է արել, դնում քրեական գործ են հարուցում, բա ինչո՞ւ չեն ուզում քննել ու պարզել, որ ամեն ինչ սուտ էր, որ զենք չի գնվել Սերբիայից, չի գնվել ավելի թանկ, 27 մլն դրամ չի փոխանցվել օֆշոր, 3,5 մլն դոլար որպես վարկ չի տրամադրվել օֆշորային ընկերությանը։

– Եվ այս ամենը սկսվեց «Օրսիսի» (ORSIS-ARMS) գործի՞ց։

– Զենքի արտադրությամբ զբաղվող ռուսական «Օրսիս» ընկերության՝ գնումներին մասնակցելու գործընթացում միջամտություն կատարվեց, և գնումների մրցույթը ձախողվեց, արդյունքում տուժեց Հայաստանի բանակը, քանի որ որակյալ ջերմատեսիլ սարքեր չմատակարարվեցին, դիպուկահար հրացաններ չմատակարարվեցին։ 

Այդ ընկերությունը շահութաբերության խնդիր չունի, ավելին, նրանց մոտ հերթեր են այդ սարքավորումների համար։ Մինչև 2019 թվականը այդ ընկերությունից Հայաստանի ՊՆ-ն գնել է ջերմատեսիլ սարքեր, բայց 2019-ի կեսին էլ չուզեցին՝ մրցույթը ձախողելու արդյունքում։ 

Բայց ո՞նց հասկանանք, որ պատերազմի օրերին ՊՆ-ն խնդրել է «Օրսիսին», որ այդ սարքավորումներից մատակարարի։ Մասսայական հարամություն արեցին։ Նայեք, մի ուշագրավ բան ասեմ՝ 2020-ի գնման պլանով ՊՆ-ն պետք է 45 հատ դիպուկահար հրացան գներ, որը արտադրում է միայն «ՕՐՍԻՍ»-ը։ 

Սակայն ՊՆ-ն գնումների պլանը փոխեց և դիպուկահար հրացանների գնման անհրաժեշտությունը առաջնային չհամարեց, ընդհանրապես հանեց դա ցուցակից, արդյունքում՝ դիպուկահար հրացաններ Հայաստանի բանակը չունեցավ։ 

Բայց պատերազմի ժամանակ էլի խնդրեցին, որ «Օրսիսը» տրամադրի դիպուկահար հրացաններ։ Ընկերությունն էլ կոնկրետ զորամասերին դրանցից է մատակարարել։ Դրանից հետո մենք մեր հետաքննությամբ շատ հետաքրքիր մանրամասներ ենք պարզել իրավապահ մարմինների փոխարեն։

– Ի՞նչ եք պարզել։

– Պարզել ենք, թե ինչպես են ժանգոտ սնարյադներ գնել, ինչպես են երեք անգամ թանկ կոռնետներ գնել, ինչպես է զինվորի սնունդը մատակարարվում Հայաստանի ամենաթանկ սուպերմարկետի գներից էլ թանկ՝ օրական 3600 դրամ, մինչդեռ նույն սուպերմարկետի գներով հաշվելու արդյունքում մենք ստանում ենք 2400 դրամ։ 

Բանակին սնունդ մատակարարողների մի մասը Դավիթ Տոնոյանի համադասարանցիներն են։ Նրանց մեջ նույնիսկ մարդ կա, որ սննդի հետ կապ չունի, բացարձակ այլ բիզնեսից է եկել ու որոշել է սննդով զբաղվել։ 

Հետո ավելի խորացանք՝ ավտոմատի գործարան էին էստեղ իբր բացել, բայց պարզվեց՝ գործարան չի դա։ «Կալաշնիկովից» ավտոմատը բերում էին, ստեղ քանդում-հավաքում էին, ասում էին՝ գործարան են բացել։

– Նաև օֆշորի մասին հիշատակեցիք։ Ի՞նչ է դա նշանակում։

– Ըստ օդում կախված լուրերի՝ պաշտոնից ազատվելուց ժամեր առաջ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ի անունից օֆշոր 27 մլն դրամ գումար է փոխանցել՝ իբր հերթական գնումը կատարելու համար։ 

– Ձեզ հայտնի՞ է՝ ինչ է գնվել։

– Ո՛չ, հայտնի չէ։ Բայց ավելի ուշ ինֆորմացիա եմ ստացել, որ Կենտրոնական բանկը կարծես բաց չի թողել փոխանցվող գումարը։ 2018-ի հունիսի 14-ի պայմանագիրը ինձ մոտ կա, Դավիթ Տոնոյանն անձամբ է ստորագրել պայմանագիր մի օֆշորային ընկերության հետ 3,5 մլն դոլար անտոկոս ու աննպատակ վարկ է տվել։ 

Մի քանի օր առաջ նամակ եմ գրել Փաշինյանին ու պաշտպանության նոր նախարարին։ Նամակում ասել եմ, որ ես օֆշորային ընկերություն չեմ, հայկական եմ, պատշաճ հարկատու եմ, հպարտ քաղաքացի եմ, Հայաստանը խելագարի պես սիրում եմ ու խնդրել եմ ինձ մի տարով 240 հազար դոլար վարկ տալ։ Նախադեպը կա, տեսնեմ կտա՞ն։ 

– Պարո՛ն Սիրունյան, դուք Նիկոլ Փաշինյանի ակտիվ պաշտպաններից եք եղել, ու հիմա փաստորեն աչքկապոցի է դրսևորվում ապօրինությունների նկատմամբ։ Տարօրինակ չէ՞ ձեզ համար։

– Ինձ համար տարօրինակն այն է, որ ընտրված կադրերի մեծամասնությունը անպիտան է։ Դուք ճիշտ եք ասում՝ ես պաշտպանել եմ Փաշինյանին և հիմա էլ կառավարության հրաժարականին դեմ եմ՝ կողմ լինելով արտահերթ ընտրություններին։ 

Ա՛յ երբ ընդդիմությունը կբարձրացնի արտահերթ ընտրությունների հարցը, ես նրանց կողքին կլինեմ։ Ինձ անհանգստացնում է, որ վարչապետի կադրերը անպիտան են, չեն կարողանում աշխատել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am