2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող Բաքվում օրերս բացված այսպես կոչված «հաղթանակի պուրակում» օրեր առաջ Ադրբեջանի նախագահի, իսկ երեկ էլ՝ շարքային քաղաքացիների զբոսանքը վրդովեցրել է հայ հանրությանը:
Ադրբեջանական «պուրակում», հիշեցնենք, հայկական զինտեխնիկայի հետ միասին տեղադրված են նաև հայկական զինված ուժերի ծառայողների մանեկեններ, որոնց ցուցադրությամբ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ զինծառայողներին ներկայացնել նվաստացուցիչ վիճակում:
Ավելին, մանեկենների ադրբեջանցի հեղինակները իրենց հարցազրույցներում հայտարարել էին, որ միտումնավոր են փորձել տգեղ ներկայացնել հայ զինծառայողներին:
Շարքային քաղաքացիների և նրանց երեխաների հետ ադրբեջանական «գլուխգործոցները» տեսնելու համար «պուրակում», ըստ հրապարակված լուսանկարների, զբոսնել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Ադրբեջանի նախագահի հայատյացություն քարոզող այս գաղափարը ադրբեջանցիների շրջանում միանշանակ չի ընդունվել. Ոմանք շնորհակալություն են հայտնել իրենց նախագահին, իսկ ոմանք էլ՝ քննադատել: Մասնավորապես, երկրից արտաքսված քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Արիֆ Յունուսը իր ֆեյսբուքյան էջում զինծառայող մանեկեններից մեկին համեմատել է հենց Ալիևի հետ:

Մեկ այլ օգտատեր էլ ցուցանմուշների լուսանկարներից մեկում նկատել է թմրանյութ լուցկու տուփի մեջ և գրել, որ Ադրբեջանի իշխանությունները հայերի հետ վարվել են այնպես, ինչպես իրենց քաղաքացիների հետ՝ գրպանը թմրանյութ լցնելով:

Սոցցանցերի հայկական տիրույթում հիմնականում զայրույթով են ընդունել հատկապես երեխաների՝ այդ պուրակում զբոսանքի լուսանկարները:
«Թշնամին նույնն է և ուժեղ է, որովհետև իր սերունդը չի մեծանում «խաղաղասեր» կոչերով, ձեռքն էլ չի դողալու: Իմ որդիները ադրբեջանցուն ու թուրքին չե՛ն համարելու բարեկամ, ոչ էլ հարևան, ոչ էլ նույնիսկ՝ հին թշնամի: Ես ինձ բավարար չափով գրագետ եմ համարում` պատմության դասերը չմոռանալու ու գենետիկ հիշողությունս էլ օգտագործելու համար»,- գրել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատիրոջ կարծիքով էլ՝ նման մթնոլորտում ապագա սաֆարովներ են մեծանում:
«Իրականում մեղք են: Խղճուկ, կամազուրկ սերունդ է մեծանում Ադրբեջանում, որովհետև երբեք չի կարող այս մասշտաբի ատելության մթնոլորտում առողջ բանականություն, գիտակից կամք ու արժանապատվություն ձևավորվեն այս երեխաների մեջ»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Հոգեբույժ Արմեն Սողոյանը հորդորում է հանրությանը բանի տեղ չդնել նման տեղեկություններն ու դրանք ուղեկցող տեսանյութ-լուսանկարները:
«Օրինակ՝ ես դրանք ո՛չ տեսել, ո՛չ էլ ուզում եմ տեսնել: Դրանք քարոզչական հնարքներ են, որոնք կիրառում են մեր հանրությանն ավելի վատ վիճակի մեջ դնելու համար», – «Մեդիալաբին» ասում է Արմեն Սողոյանը:
Նրա խոսքով՝ 30 տարի շարունակ Ադրբեջանում քարոզել են ատելություն հայի նկատմամբ, հետևաբար հնարավոր չէ շատ արագ փոխվել:
«30 տարի հայտարարում են, թե հայը մեր թշնամին է, որտեղ բռնենք՝ պետք ա սատկացնենք, երեխեքին էդ թեմայով շարադրություն են գրել տալիս, ու ով ավելի դաժան է գրում, մրցանակներ են տալիս: Ինչո՞ւ պետք է նրանց մոտ որևէ բան փոխվեր»,- նկատում է Արմեն Սողոյանը:
Հարցին, թե պատերազմում նրանց հաղթանակը բավարար չէ՞ր բարդույթներից ազատվելու համար, Սողոյանն արձագանքում է.
«Իսկ ո՞վ ասաց՝ իրենք հաղթել են: Ողորմելի մարդու կեցվածք է ամենուր և ամեն կերպ հայտարարել, թե հաղթել են: Նրանց մեջ այնքան խորն է նստած պարտվածի բարդույթը, որ միլիոն թանգարան էլ սարքեն, չեն կարող դրանից ազատվել:
Այդ թանգարանները սարքելով՝ մեր հանրության շրջանում լարվածություն են առաջացրել ու կարծես թե հասել են իրենց նպատակին: Միևնույն է, Ադրբեջանը չի կարողանալու ազատվել պարտվածի բարդույթից, քանի որ ի վիճակի չէ, մնում է, որ մեր մեջ բարդույթներ չառաջանան»:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am