«5-րդ ալիքը» մանիպուլացնում է անհետ կորածների թվի վերաբերյալ նախարարության պարզաբանումը․ FIP.am

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
«5-րդ ալիքը» հունիսի 17-ի «Հայլուրի» 12:30-ի թողարկման ընթացքում հայտնել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հերքում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ անհետ կորածների թիվը 1064 է:

Նշենք, որ հունիսի 16-ին Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է, և իշխանությունները թաքցնում են դա: Որպես ապացույց՝ ավելի ուշ նախագահի գրասենյակի պաշտոնական էջում փաստաթուղթ էր հրապարակվել:

Թողարկման ընթացքում հաղորդավար Թերեզա Կադաևչյանը նշել էր, որ ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 700 աճյուն է նույնականացվել, իսկ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում հրապարակված են անհետ կորածների անունները: «Ըստ էության, սոցապ նախարարությունը չի հերքում, որ անհետ կորածների թիվը 1064 է»,- եզրակացրել էր հաղորդավարը:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հասկանալ, թե արդյո՞ք նախարարությունն իսկապես հաստատել է անհետ կորածների մասին Սերժ Սարգսյանի տեղեկությունը:

Նախ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը հերքել են միանգամից մի քանի գերատեսչություններ:

Այսպես, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 275 անձ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնական հերքման մեջ հայտնել էր, որ կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ամսական 300,000 դրամ աջակցություն «Կամուրջ» ծրագրի շրջանակում, իսկ շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։

Ըստ նախարարության՝ «Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատները սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուները ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունը, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը որոշվելու է սահմանված կարգով։

«Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Այս հաղորդագրությունից պարզ է դառնում, որ «5-րդ ալիքի» լրագրողի պնդումը, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հերքում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, սխալ է:

Հատկանշական է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավար Վարուժան Ավետիքյանը նույնպես ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ 1064-ը չի արտացոլում անհետ կորածների թիվը: Նրա խոսքով՝ այս թիվը ցույց է տալիս, թե քանի անհետ կորած կամ գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունեցող զինծառայողների ընտանիքների է ֆինանսապես աջակցել Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո:

«Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտնաբերվել են»,- նշել է Ավետիքյանը:

Այսպիսով, «5-րդ ալիքը» մանիպուլացնում է և սխալ տեղեկություն է տարածում՝ հայտնելով, թե իբր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հերքում, որ անհետ կորածների թիվը 1064 է:

«Փաստերի ստուգման հարթակ»