Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ․Կոստանյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Երբ 2013թ հունիսի 26-ին առաջին անգամ ականատես եղանք Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարում և Գեղի գետում տիրող աղետալի վիճակին, մեզ թվաց, թե դա նախորդ օրը տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքն է: Սակայն հետագայում պարզվեց ահավոր իրականությունը, որը հետևյալն է. Փաստացի, Գեղի գետը երեք տարի շարունակ ծառայում է որպես Հանքասարի ֆաբրիկայի թափոնատար, ինչը էկոլոգիական աղետ է դարձել շրջակա միջավայրի համար, իսկ պետական լիազոր և իրավապահ մարմինները զարմանալիորեն ոչինչ չեն «նկատում»:
Այս ամենը հիմնավորվում է ոչ միայն տարբեր ամիսներին արված տեսագրություններով, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես է խմելու ջրի որակ ունեցող Գեղի գետը թունավորվում պոչանքի նյութերով, այլ նաև մեր հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված աղաղակող օրինախախտումներով:
Բապահպանության նախարարությունից ստացված պատասխաններից մասնավորապես պարզ է դառնում հետևյալը.
«Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագիծը 20.06.2011թ. ստացել է թիվ ԲՓ-49 դրական եզրակացություն, իսկ ֆաբրիկայի պոչամբարի աշխատանքային նախագիծն առ այսօր չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Ընկերությունն ունի նաև ջրօգտագործման թիվ 000311 թույլտվությունը, որի համաձայն` հարստացուցիչ ֆաբրիկան պետք է աշխատի ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգով: Սակայն այդ համակարգը տեխնիկական-կազմակերպչական տարբեր պատճառներով առ այսօր չի գործում, ինչի հետևանքով պոչամբարի պարզված ջրերը լցվում են Գեղի գետը:
Ուսումնասիրելով հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագծին տրամադրված եզրակացությունը՝ պարզեցինք, որ պոչամբարի պարզված ջուրը պետք է կոլեկտորով ուղղվի շրջանառու ջրի համար նախատեսված պոմպակայան և մղվի հարստացման գործընթացի գլխամաս, իսկ պոչամբարի պարզվածքը և ինֆիլտրացիոն ջրերը հավաքվեն խյուսափոսում և մղվեն հարստացուցիչ ֆաբրիկա: Փաստորեն, բնապահպանության նախարարությունը, տեղյակ լինելով, որ պոչամբարը չունի փորձաքննություն անցած նախագիծ, իսկ ֆաբրիկան 2011թ.-ից ի վեր շահագործվում է նախագծային կոպիտ խախտումներով, որի հետևանքով պոչամբարի թափոնաջրերը ֆաբրիկա հետ վերադառնալու փոխարեն լցվում են Գեղի գետը, ոչ մի քայլ չի ձեռնարկել և ցուցաբերել է հանցավոր անգործություն, ինչի համար համապատասխան պաշտոնյաները պետք է կրեն պատասխանատվություն:
Դեռ ավելին: Պարզվում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննական դրական եզրակացություն ստացել է միայն 2011թ. հունիսի 20-ին, սակայն արդեն կառուցված է եղել և արտադրանք է թողարկել դրանից դեռևս վեց ամիս առաջ՝ 2010թ. դեկտեմբերին, ինչի մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի 22.12.2010թ. հրապարակումից, որում պարզ գրված է. «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը»:
Պետական այրերին և հանքարդյունաբերողներին հիշեցնենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ արգելվում է շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության: Ստացվում է, որ ՀՀ նախագահն այցելել է օրենքի բացահայտ խախտումով կառուցված և շահագործվող ձեռնարկություն:
Ինչ վերաբերում է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի և Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար անձնակազմին, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված այս հանցագործությունները կատարելու համար: