ՀՀ–ն ապահովել է բոլոր պայմանները` սամբոյի մրցումները պատշաճ անցկացնելու համար. FIAS-ի նախագահ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության շրջանակում այսօր ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, միջազգային ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ շնորհավորելով նոյեմբերի 10-ին Երևանում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացած սամբոյի ԱԱ-ի բացման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարը սամբոյի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությանը նաև շնորհակալություն է հայտնել աշխարհի 2023 թվականի առաջնության անցկացումը Հայաստանին վստահելու համար:

FIAS-ի նախագահ Վասիլի Շեստակովը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աշխարհի առաջնությունն ըստ արժանվույն կազմակերպելու համար: Նա գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը՝ որպես հյուրընկալող երկիր, ապահովել է բոլոր պայմանները մրցումների պատշաճ անցկացման, ինչպես նաև մարզիկների կեցության և այլ հարցերի հետ կապված:

«Տարբեր երկրների ներկայացուցիչներից երեկվանից միայն դրական արձագանքներ եմ լսում բացման շքեղ արարողության և առհասարակ առաջնության կազմակերպական աշխատանքների վերաբերյալ։ Գիտեմ, որ Հայաստանում սամբոյի բավականին զարգացած դպրոց և լավ ավանդույթներ ունեք, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ: Տեսնում եմ, որ մարզաձևի ավանդույթներն այստեղ ոչ միայն պահպանվում, այլև բարելավվում և նոր զարգացում են ապրում»,- ասել է Շեստակովը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ աշխարհի առաջնությանը Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 մարզիկներ՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) և Արմեն Մնացականյանը (58 կգ, մարտական սամբո): Կարևորելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարզիկների համար ստեղծված հնարավորությունը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Փախստականների հավաքականի ձևավորման անհրաժեշտություն այլևս չի լինի: 

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև կանանց ընդգրկվածությունը մարզաձևում՝ շեշտելով աշխարհի առաջնությունում երեկ բրոնզե մեդալ նվաճած Վարսիկ Գրիգորյանի հաջողությունը: