Մարդու իրավունքների տուն Երևանն իր աջակցությունն է հայտնում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին

Հունիսի 24-ին Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ տեղեկություններ էր տարածել ֆեյսբուքյան իր էջում իրավապաշտպանի և նրա ամուսնու վերաբերյալ։ Գրառման ներքո որոշ օգտատերեր իրավապաշտպանի հասցեին հնչեցրել էին բռնության կոչեր և սպառնալիքներ։

Մարդու իրավունքների տուն Երևանն իր աջակցությունը և զորակցությունն է հայտնում գործընկեր, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին՝ կոչ անելով իրավապահ համակարգին հստակ քայլեր ձեռնարկել իրավապաշտպանին և նրա ընտանիքին պաշտպանելու ուղղությամբ։

Մենք կոչ ենք անում նաև լրագրողներին և լրագրողական հանրույթին ցուցաբերել զգայունություն իրավապաշտպան գործունեության նկատմամբ, զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև բարոյականության դիրքերից իրավապաշտպաներին պիտակավորելուց ու նմանաբովանդակ տեղեկությունները շրջանառելուց։