«Արմավիր» ՔԿՀ-ում կայացել է դատապարտյալների շախմատի Հայաստանի առաջնությունը

Հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։

ԱՆ ՔԿՎ-ից տեղեկացնում են, որ առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։

Առաջնության արդյունքում հավաքականի թիմում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, Վազրիկ Միքայելյանը «Սևան» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Նրանցից Ռ․ Սարգսյանը, Վ․ Միքայելյանը և Իգ․ Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։

Հայաստանի հավաքականի թիմը Հայաստանը նախ ներկայացնելու է մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։ Հատկանշական է, որ կոնֆերանսին պետք է ցուցադրական խաղով ներկայանա 4 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իսպանիան և Հայաստանը։