Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Բաքվում բացված « ռազմավարների պուրակին» և նշել՝ ռուսական կողմը հուսով է, որ հակամարտության կողմերը գործնական հարցերում կձգտեն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծելուն:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցում Զախարովան հիշեցրել է, որ հսկայական գին է վճարվել՝ մարդկային կյանքեր, և պետք է օգտագործել այս պահը խաղաղ կյանքի, ոչ թե իրավիճակը նախկինից էլ շատ սրելու համար։
«Այո, մենք կարող ենք շատ բաների հետ չհամաձայնվել։ Ինչ-որ մեկն ուզում է շարունակել պատերազմը, ինչ-որ մեկը ռևանշ է ուզում։ Բայց դա՞ է նպատակը։ Եվ մի՞թե նման բաժանարար գծերը, նման խնդիրները կնպաստեն կարգավորման կամ խաղաղության հաստատման հասնելուն։ Ահա այս հարցը պետք է տալ… Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ոչ, չի նպաստի», – ընդգծել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Մոսկվան այս փուլում կարևորագույն խնդիր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Անդրկովկասի զարգացման հեռանկար ապահովել: