Մարուքյանը շատ հավանական է համարում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ հավանական է համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Հիշում ենք, որ մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, և ԱՄՆ գործադիրը դեռ չի ճանարել»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե Բայդենն օգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի, որ ԱՄՆ-ն ամբողջության ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ապրիլի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստվում է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: