Լիտվայի ԱԳ նախարարը երկրորդեց գերիներին վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը երկրորդեց Եվրոպական միության այն դիրքորոշումը, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո գերեվարված բոլոր անձինք պետք է վերադարձվեն: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Լանդսբերգիսը նշեց ՀՀ aրտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից, որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք որևէ փոխվստահությանն ուղղված գործունեություն: Ես, իհարկե, կարող եմ միայն երկրորդել Եվրոպական միության դիրքորոշումը»,- ասաց նախարարը: