ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ վարչապետի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատարի հարցի առնչությամբ պրակտիկան ձևավորվել է դեռ 3 տարի առաջ, և այսօր դրանից բողոքում են նրանք, ովքեր 3 տարի առաջ չեն բողոքարկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության անդամների ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԼՀԿ-ն ինչ է կարծում հնչող տեսակետների մասին, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել որպես վարչապետի պաշտոնակատար:
«Պրակտիկա կա ձևավորված: 2018-ին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես: Վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, ու խորհրդարանն արձակվել է, ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այդ ձևով է մեկնաբանվել այն ժամանակ: Եվ ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: Ըստ այդ պրակտիկայի՝ նույն բանը հիմա է արվում: Դա այն օրակարգը չէ, որ դրանով զբաղվենք»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ-ի համար, ըստ էության, ոչինչ չի փոխվի, եթե ժպ լինի Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Ավինյանը: «Պրակտիկան եղել է այդ ձևով: Հիմա այդ պրակտիկան 3 տարի առաջ չվիճարկած մարդիկ այսօր այդ պրակտիկան ուզում են վիճարկեն: Թող վիճարկեն»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ այդ օրենք գրողներն այսօր բողոքում են, որ իրենք գրել են օրենքներ, որոնցով այսօրվա իշխանությունն ինչ ուզում, անում է: «Այդ օրենքներն իրենք գրել էին, որ իրենք ինչ ուզեին, անեին: Թող իրենք իրենց օրենքները տանեն, ՍԴ-ում վիճարկեն: Այս իշխանությունն էլ այդ օրենքները չփոխեց 3 տարի: Դրա համար էլ ասում ենք, որ երկուսն էլ պետք է հեռանան»,-հավելեց նա:
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել ապրիլի 25-ին՝ նշելով, որ կշարունակի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։
ՀՀ գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չի ընտրում։ Սրանից հետո Ազգային ժողովն իրավունքի ուժով համարվում է արձակված, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ որևիցե սահմանադրական արգելք չկա, որ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո նույն անձը շարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար: