Ստեփանավանի և Գորիսի գյուղատնտեսական քոլեջներում փորձնական կուսուցանվի «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի փակման միջոցառումը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև՝ Գորիսի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում փորձարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը գյուղատնտեսական երկու մասնագիտությունների գծով` «Անասնաբուժություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա»:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը: Հանդիպմանը նաև մասնակցել են Ստեփանավան և Տաշիր համայնքների ղեկավարները, ծրագրի գործընկեր Ստեփանավանի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջների տնօրենները, դասախոսներն ու ուսանողները, հյուրընկալող ընկերությունների տնօրենները:

Միջոցառման բանախոսները կարևորել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից իրականացվող և ՄԿՈՒ ոլորտի զարգացմանն ուղղված աջակցման ծրագրերը, որոնք կրթական համակարգի բարելավման գործում կայուն հիմքեր են ստեղծում: Ելույթների ընթացքում շեշտադրվել է պետության, ուսումնական հաստատության և մասնավոր հատվածի հավասար մասնակցության ու պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը՝ ԱՀՈՒ կրթական մոդելի մոտեցումներն արդյունավետ իրագործելու նպատակով: Ըստ բանախոսների՝ Հայաստանի կրթական ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի մոտեցումների կիրարկումը թույլ կտա վերացնել ՄԿՈՒ ուսուցման ավանդական ձևերի և մեթոդների հիմնական բացերը՝ ուժեղացնելով ուսումնական գործընթացի գործնական կողմնորոշումը և միաժամանակ պահպանելով տեսական բաղադրիչի մակարդակը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքները, ԱՀՈՒ մոդելի փորձարկման ընթացքում ծագած խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց վերացման հնարավոր լուծումները:

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրականացմանը ծանոթանալու նպատակով միջոցառման մասնակիցներն այցելել են ծրագրի գործընկեր ընկերություններ՝ «Լոռվա կաթ» ՍՊԸ և «Ասատուր Հարությունյան» ԱՁ: