Անկախ պատգամավորները Հրաչյա Հակոբյանի հայտարարության առիթով մտադիր են ձևավորել էթիկայի հանձնաժողով

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը և ևս  մի քանի պատգամավոր դիմել են էթիկայի հանձնաժողով ձևավորելու համար, որը կքննի «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը. ի պատասխան Հրաչյա Հակոբյանը հորդորում է չխեղաթյուրել իր մտքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները այս մասին ասացին ԱԺ արտահերթ նիստում այդ թեմայով հարցի քննարկմանը:

Աննա Գրիգորյանը նախ անդրադառնալով որոշ սյունեցիների մասին պատգամավորների հնչեցրած մտքերին՝ ասաց. «Իրավական գործընթացով պետք է անցնեն մարդիկ, թող անցնեն, դո՞ւք եք որոշում ով է խուլիգանը, ով ոչ: Ես խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում ենք մարդկանց մասին»,-ասաց նա:

Գրիգորյանը նաև մեջբերեց Հրաչյա Հակոբյանի միտքը, որը նա արտահայել է՝ արձագանքելով որոշ սյունեցիների բերման ենթարկելու գործընթացին:  «Բա պետք է բերման ենթարկվեն, այդպես ստորացնելով բերման ենթարկվեն»,- մեջ բերեց Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ ԱԺ պատգամավորները պարտավոր են պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգել օրենքն ու ենթարկվել օրենքին, հարգել հանրային բարոյական նորմերը: «Դուք խախտել եք նաև Սահմանադրության մի շարք հոդվածներ, և ես, ու ոչ միայն ես, խնդրել ենք  բոլոր խմբակցություններին, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննվի այդ հարցը: Եվ, առհասարակ, սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դսրևորեք»,- ասաց նա:

Հրաչյա Հակոբյանն էլ, արձագանքելով, ասաց, որ իրեն կամ չեն հասկացել, կամ միտումնավոր խեղաթյուրել են իր խոսքը: «Ես շատ հստակ ասել եմ, որ պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետին և վարչապետի կողմնակիցներին՝ ՀՀ քաղաքացիներին, և դա անում են խուլիգանավարի»,- ասաց նա ու հորդորեց չխեղաթյուրել իր խոսքը:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց՝ նկատվում է միտում, որ առանձին ուղղորդված խմբեր ՀՀ-ն փորձում են բաժանել մասերի՝ ՀՀ-ի անվտանգությանը ուղիղ վնաս հացնելով: «Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի խնդիրները Հայաստանի Հանրապետության խնդիրներն են, և որևէ մեկը ոչ այստեղ, ոչ էլ որևէ տեղ թող չներկայացնի, թե առանձին մարզերի խնդիրները վերաբերում են բացառապես այդ մարզերին և այդ մարզերի բնակիչներին, չկա նման բան և չի կարող լինել: Ինչ վերաբերում է ՀՀ տարբեր մարզերում քաղաքացիներին, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալու իր դիրքորոշումը, այդ դիրքորոշումն արտահայտել օրենքով սահմանված շրջանակներում՝ այդ թվում ընտրությունների միջոցով: Կտեսնենք, թե ով ինչպիսի դիրքորոշում ունի, այդ թվում՝ քաղաքական»,- ասաց նա:

 Իսկ ինչ վերաբերում է խուլիգանությանը՝ Մակունցը նշեց, որ իրենք կամ որևէ մեկը չի դա ձևակերպում, դրա ձևակերպումը տրված է օրենքով: