Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար նախատեսվում է սահմանել գրավոր ընթացակարգ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար գրավոր ընթացակարգ սահմանել առաջարկող օրինագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Դանիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:

Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ: