Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ՝ տնտեսական աճի տեմպը կարագանա. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի ղեկավարի խոսքով, կառավարությունը բավականին լավ է կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը:

«Մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ մեր քայլերի շուրջ: Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից»,- շեշտեց Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 7 հազար 100 քաղաքացի:

Ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան՝ վաղ, թե ուշ ճամփորդություններ կատարելու համար պահանջվելու է պատվաստված լինելու մասին կանաչ անձնագիր:

«Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը կարագանա: Ես հույս ունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչները կխրախուսեն իրենց աշխատողներին, որ ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Նաև շրջիկ խմբեր են կազմակերպվում և կարող են մեծ ձեռնարկությունները պայմանավորվել ԱՆ-ի հետ ու հենց տեղում պատվաստում իրականացնել», -հավելեց Փաշինյանը: