Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները կանխամտածված սադրանք են․ Նորայր Նորիկյան

Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Սյունիքի մարզում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները կանխամտածված սադրանք են, որոնք նպատակ են հետապնդում մի կողմից ՛՛Պայթեցնել՛՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, մյուս կողմից հավելյալ ճնշում գործադրել մեզ վրա՝ ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ հարցում հաջողության հասնելու համար։

Բազմիցս նշել եմ, որ պետք է Ալիևին սանձել և նրան համարժեք պատասխան տալ։ Բայց խնդիրը կարևորվում է մեկ այլ համատեքստում։

Ինքս Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն գնահատում եմ ուղղակի սպառնալիք մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք միջազգային պայմանագրով կարգավորվող իրողության հետ։

Հայաստանը, որպես անկախ և ինքնիշխան պետություն, հանդիսանում է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, Կազմակերպություն) հիմնադիր անդամ /տես` http://www.mfa.am/hy/international-organisations/CSTO/:

Նշված պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով:

Իսկ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա, դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ:

Տվյալ դեպքում, նշված կազմակերպության հիմնադիր անդամ հանդիսացող պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվում է ռազմական գործողություն, կամ դրսևորվում է ակնհայտ ռազմական սպառնալիք։

Ի՞նչ է սա, եթե ոչ Ադրբեջանի կողմից մեր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող գործողություն։

Իսկապես սթափվել է պետք։ Մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջև, և մեզ համար խիստ առաջնային է դարձել մեր անվտանգության խնդիրը։

Մենք պարտավոր ենք չափից դուրս լրջորեն մոտենալ այս հարցին։