Ուկրաինայի հայերը ակտիվացնում են աջակցությունը Հայաստանին

Կիևում անց են կացվել մի շարք միջոցառումներ Հայաստանին օժանդակելու կապակցությամբ՝  հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին Կիևի Սրբոց Նավատակաց մատուռում խաղաղության աղոթք է կարդացել Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը: Պատարագից հետո հայ երիտասարդները կազմակերպել են բարեգործական տոնավաճառ, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին գնել ազգային խորհրդանիշներով ապրանքներ, հայ դիզայներների կողմից  նկարազարդած հագուստ, հայկական քաղցրավենիք և այլն:

Կազմակերպիչների խոսքով՝ վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է բարեգործական հիմնադրամ ՝ պատերազմից տուժածներին օգնելու համար:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր Դեսպան Տիգրան Սեյրանյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը, հայ երիտասարդներ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ և համայնքի այլ ներկայացուցիչներ:

«Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իմանալ Ուկրաինայի հայերի միության գործունեության մասին, կարող է գալ մեր գրասենյակ և ստանալ ճշգրիտ տեղեկություններ մարդասիրական օգնության մասին, որոնք պարբերաբար փոխանցվում են Հայաստան և Արցախ:  Հիմա յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անի մեր պատմական հայրենիքը պաշտպանելու համար», — ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Ուկրաինայում ՀՀ Դեսպան Տիգրան Սեյրանյանը ուկրաինական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նշեց, որ պատմությունը հիշում է շատ զավթիչների, շատ ավելի հայտնի, քան Ալիևը, որոնք բարձրաձայն հայտարարեցին իրենց հաջողությունների մասին, բայց բոլորը գիտեն, թե ինչպես ավարտվեցին դրանք: «Կարող ենք վստահորեն փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերը, Մերձավոր Արևելքից ժամանած վարձկան ահաբեկիչները Թուրք զինվորականների հետ միասին, չեն վերահսկում Շուշին՝ Արցախի Պաշտպանության բանակի, պահեստազորայինների և աշխարհազորայինների մարտարվեստի և քաջության շնորհիվ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղարաբաղում խաղաղության համար պատարագներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի հայկական եկեղեցիներում:

Հիշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին:  Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից:

Այս պահին արդեն մի քանի հարյուր տոննա բեռ է առաքվել Հայաստան: