Հայաստանում ԻԻՀ դեսպան. Հույս ունենք, որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի հնարավորինս արագ

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ Գորիսի այլընտարնքային ճանապարհը կկառուցվի հնարավորինս արագ։

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, ինչից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Խորհրդային միության քարտեզների համաձայն՝ Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներն առանց արգելքի այս ուղղությամբ երթևեկեն։ Այժմ, ինչպես գիտեք, Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։

Թերևս Ադրբեջանը օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ»,- նշել է դեսպանը։ Նրա խոսքով՝ իրանական կողմը, այդ թվում դեսպանատունը, ջանքեր է գործադրում, որ հնարավորինս շուտ այս հարցն իր լուծումն ստանա և մինչև այդ Հայաստանի կառավարությունից ակնկալում են, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի։ «Խոսքը Տաթևի ճանապարհի մասին է և իրանցի վարորդները բեռնափոխադրումները կկատարեն այս ճանապարհով՝ անվտանգ ու ապահով պայմաններում»,- նշել է դեսպանը։