Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա

Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա
Ինչու է Ադրբեջանը սպանում հայ գերիներին. Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա

Այն,  դաժանությունը, որ պարբերաբար դրսեւորվում է  ադրբեջանական կողմում հայտնված Հայաստանի քաղաքացիների հանդեպ, մշակութային, հոգեբանական,կրոնական ու քաղաքակրթական գործոնների ազդեցության հետեւանք է:  «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հայ գերի Կարեն Պետրոսյանի մահվան փաստին,  հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանն կարծիք է հայտնում, որ Ադրբեջանի մոտ այդպես էլ չի ձեւավորվել այդ պատերազմի մշակույթը, որը զսպանակի դեր է կատարում:

«Պատերազմն ինքը քաղաքակրթության մի մասն է եւ այստեղ եւս կան օրենքներ՝ ինչպես օգտագործել գերիներին, նրանց հետ ինչպես վարվել եւ այլն, սակայն անգամ այս հարցում Ադրբեջանը երբեք չի յուրացրել այսպես կոչված պատերազմի մշակույթը: Մեզ համար էլ գերին ընկալվում է որպես թշնամի, բայց ի տարբերություն մարտի դաշտում կանգնած զինվորի, գերին անօգնական է եւ նրան պետք է դիտարկել մարդկային տեսակի մեջ»,- «Մեդիալաբին» ասում «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:

Հիշեցնենք, որ  Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ:

Ադրբեջանական կողմի` ԶԼՄ-ներով տարածած տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է Չինարիի գերեվարված անզեն բնակիչը անմարդկային վերաբերմունքի արժանանում, ներկայացվում որպես դիվերսանտ: Մեկ օր անց` օգոստոսի  8-ին,  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացվել Կարեն Պետրոսյանի մահվան մասին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է բանակցությունները՝ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու նպատակով: Ադրբեջանական կողմն, ամենայն հավանականությամբ բռնության հետքերը թաքցնելու նկատառումից ելնելով, ձգձգում է գործընթացը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում հայտնված ՀՀ անզեն քաղաքացիները բռնության են ենթարկվում կամ սպանվում:

«Մեդիալաբը» «Գերեվարված եւ խոշտանգված» շարքում քանիցս անդրադարձել է այս խնդրին: 

2010 թվականին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանն էր գերեվարվել եւ սպանվել բանտախցում: Փորձաքննությունը պարզել էր, որ Սարիբեկյանը խոշտանգման է ենթարկվել:

Իսկ 2014թ. հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքում, տեղանքում չկողմնորոշվելով, հատել էր ՀՀ պետական սահմանը, եւ հայտնվել գերության մեջ: Մինչեւ մարտի 4-ը գերության մեջ մնալուց հետո Կարմիր Խաչի օգնությամբ նա Հայաստան էր վերադարձվել` կտտանքների ենթարկված եւ կարճ ժամանակ անց մահացել էր:

Վերջին տարիներին ադրբեջանական գերությունունից ողջ վերադարձած միակ մարդը թերեւս Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյան է, ով 22 ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած սարսափելի կտտանքների եւ բռնությունների մասին պատմել է «Մեդիալաբին»:

Հոգեբանի խոսքով, ադրբեջանական կողմի գործողություններում նաեւ դեր է կատարում պարտված կողմ լինելու հանգամանքը:

«Վայրագության համար պարտվելու վերջնագիծ չկա, նրանց գիտակցության մեջ դա բացակայում է: Նրանք կարող են գնալ եւ քնած մարդուն կացնահարել»,- ասում է Ռուբեն Պողոսյանը:

Նշենք, որ երբեւէ չի արձանագրվել դեպք, երբ Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ դաժան կամ նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորվի:

Կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը նկատում է, որ բոլոր դեպքերում, երբ սպանվում են մեր գերիները, որպես օրինաչափություն նրանք  ներկայացվում են ոչ թե որպես հովիվ, հասարակ գյուղացի, այլ դիվերսանտ, զինծառայող:

«Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ստի ու կեղծիքի հետ, որը  երբեք ուժի չափանիշ չէ: Այս մանր դրվագում մենք տեսնում ենք այն, որ այսօր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ է տեղի ունենում, երբ հսկայական երկրի հսկայական քարոզչական  ապարատը հիմնված է կեղծիքի վրա եւ դա առաջին հերթին վնաս է բերում այդ ժողովրդին: Այս դեպքում էլ, դաժանության առաջին զոհը հենց ադրբեջանական ժողովուրդն է, ինչպես Ցեղասպանության ժխտման քաղաքականության զոհն է թուրք ժողովուրդը»,- «Մեդիալաբին» ասում Տիգրան Խզմալյանը:

Կինոռեժիսորի խոսքով, հայկական մշակույթն ու կրոնը՝ անգամ նախաքրիստոնեական,  մերժում է դաժանությունը:

«Պատերազմի տարիներին ես վկա եմ եղել դեպքերի, երբ մեր կամավորներից ոմանք դաժանություն էին դրսեւորում, որը  ընկալվում էր հենց այդպես՝ դաժանություն եւ անմիջապես ստեղծվում էր օտարության պատ»,-ասում  Տիգրան Խզմալյանը:

Խզմալյանի խոսքով, պետական մակարդակով դրսեւորվող դաժանությունը, ապատեղեկատվության տարածումը համատարած բնույթ է կրում քաղաքակրթական բարձր մակարդակ չունեցող պետությունների համար:

«Վերջերս ՌԴ նախագահ Պուտինը դրսեւորեց  նման վարվելակերպ, երբ հայտարարում էր՝ մենք չենք վերցնելու Ղրիմը, մենք այնտեղ զորք չունեք, բայց  մենք այլ բանի ականատես եղանք: Սա ապացուցում է, որ նման գործելաոճն  ունիվերսալ է»,-նշում  կինոռեժիսորը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերիների անձի հետ կապված իրականությունը խեղաթյուրելու դեպքերին ու  տեղեկատվական դաշտում տարվող պատերազմին, Խզմալյանն ասում է, որ Արցախյան պատերազմի տարիներին հայկական կողմն  առանց մեծ ռեսուրսների ու ծախսերի կարողացավ հաղթել, մինչդեռ այսօր չի օգտագործում իր մշակութային ու քաղաքակարթական առավելությունը:

«Այսօր պատերազմները նախ եւ առաջ քարոզչական են, որովհետեւ գոյություն ունի այն, ինչ գրվում է թերթերում եւ ցուցադրվում հեռուստատեսությամբ: Մինչեւ 1995 թվականը մենք միանշանակ հաղթել էինք տեղեկատվական դաշտում:  Սա աշխատանք է, որը պետք է վարվի գրագետ ու հոգեբանորեն ճիշտ, այն քաղաքակրթական լեզվով, որով այսօր խոսում է աշխարհը: Եթե մենք այսօր որպես պետություն մտնում ենք ՄաքսայինՄիություն կամ Եվրասիական տնտեսականՄիություն կոչված այդ ցնորքը  եւ միանում ենք այն միավորին, որի առանցք Ռուսաստանը մեկուսացած է ու պատժամիջոցների է ենթարկվում ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք անում ենք ճիշտ հակառակը նրա, ինչ պետք է անեինք»,-ասում է Տիգրան Խզմալյանը:

Էմմա Քալաշյան

Լուսանկարում` զինվորականները`գերեվարված եւ սպանված Մանվել Սարիբեկյանի դագաղի շուրջ:

© Medialab.am