ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ պատերազմի օրերին վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը փորձել է միջամտել ռազմական ղեկավարության գործերին։
«Վերադառնամ հարցին, թե ինչ է եղել տիկին Աննայի հետ։ Քանի որ արգելված է եղել կողմնակի մարդկանց մուտքը հրամատարական կետ, ես բարձրացել եմ վերև ճաշելու, իջել եմ, տեսել եմ՝ նստած է տիկին Աննան էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները։ Եվ կողքը կանգնած է Բաբայան Սամոն։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ գործի չէր խառնվում, ընդամենը դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, խնդրեցի տիկին Աննային, ասացի՝ մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյել։ Ասաց՝ լավ, մի 20 րոպե նստեց, գնաց։ Չորս ժամ հետո ինձ կանչեցին Երևան, եկա Պաշտպանության նախարարի մոտ, ինձ հրամայում են՝ դուք այլևս չպիտի գնաք այնտեղ»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Նա նշեց, որ իրեն չեն ասել, թե պատճառն ինչ էոր իրեն արգելել են գնալ Արցախ։ նախարարն ասել է, որ նման հրահանգ վարչապետի կողմիէ տրվել։
«Ես վարչապետին գրել եմ՝ ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է, բայց նամակս չի էլ բացել»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Ըստ նրա՝ վարչապետը խոստացել է ընդունել իրեն այդ դեպքից հետո, բայց օրեր շարունակ չի ընդունել։ Նա ասաց,որ իրեն փաստացի զրկել են իր պարտականությունները կատարելուց։