Մեզ համար շատ կարևոր է ու սկզբունքային, որ Ադրբեջանը վերադառնա ելման կետ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, հայկական և ռուսական կողմերի մոտ այս պահին գոյություն ունեցող քարտեզների համաձայն, Սև լճի տարածքը, ինչպես նաև Վարդենիսի հարակից տարաքները Հայաստանին են պատկանում:
«Ընդհանրապես, գոյություն ունի 1929 թվականի, 1976 թվականի և 1986 թվականի քարտեզներ, որոնք նաև ունի Ռուսաստանը, ՌԴ գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզներին: Կարևոր է, որ և Ռուսաստանի, և Հայաստանի ձեռքում գտնվող բոլոր քարտեզներով այդ բոլոր տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Դա է նաև պատճառը, որ բանակցությունների ընթացքում մենք խնդիր ենք դրել, որ Ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման կետ», նշել է Գրիգորյանը:
Նա ասել է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում սահմանների ճշգրտում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել և հավելել. «Ի դեպ, մենք պատրաստ ենք սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսել»:
Հարցին, թե արդյոք դա մեր շահերից է բխում, Գրիգորյանը պատասխանել է. «Միանշանակ մեր շահերից է բխում, որպեսզի սահմանը ամբողջությամբ հստակեցվի գոյություն ունեցող քարտեզներով և բանակցությունների շնորհիվ կարող ենք հասնել դրա լուծմանը: Ի դեպ, մենք այս լուծումը տեսնում ենք եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան: Կարծում ենք, որ սա ամենաարդյունավետ ֆորմատն է, որի միջոցով մենք կկարողանանք մեր սահմանները ճշգրտել»: