ԿԲ նախագահը՝ գնաճի եւ գնաճային սպասումների արագացման մասին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո Մարտին Գալստյանը պատասխանեց հանձնաժողովականների հարցերին: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարի լուրջ մարտահրավերներ էին առաջացել հատկապես ԿԲ-ի համար: Կարեւորելով ԿԲ-ի նկատմամբ հանրային վստահությունը` նա  հետաքրքրվեց, թե մինչեւ այս պահը ձեռնարկված միջոցները բավարա՞ր են գնաճային սպասումներին արձագանքելու եւ ռիսկերը չեզոքացնելու համար:

Մարտին Գալստյանը պատասխանեց. «Այս տարի հնարավոր է` գնաճի մակարդակը լինի ավելի բարձր, քան ԿԲ-ի թիրախն է, բայց ԿԲ-ի քաղաքականությունը թույլ է տալիս ավելի հայեցողական մոտեցում ցուցաբերել: Մեր գնահատմամբ` եթե անգամ այս տարի թիրախը գերազանցվի, հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը»:

Խոսելով առկա բարձր վարկային բեռի մասին` նա նշեց, որ բանկերի կողմից ցուցաբերվել է շրջահայաց, խելամիտ քաղաքականություն: Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները եւ անհատական մոտեցումներ ցուցաբերելով` փորձել են լուծել առաջացած խնդիրները:

Մարտին Գալստյանն անդրադարձավ նաեւ վարկերի սպասարկման խնդիրներին, գործազրկության որոշակի աճին, լրացուցիչ նոր աշխատատեղերի ստեղծմանը: