Ինչպես են մի խումբ հրեա ծայրահեղականներ հարձակում գործել հայ հոգևորականների վրա. մանրամասներ

Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի թեմի հոգևորական հայր Տիրայր Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ և ներկայացրել, թե ինչպես են մի խումբ հրեա ծայրահեղականներ հարձակում գործել իր և Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ, Հոգեշնորհ Տեր Արբակ Աբեղա Սարուխանյանի վրա։

«Մայիս 17-ի կէսգիշերին, լոյս 18 մօտաւորապէս 00:20-ին քանի մը հրէաներ յարձակեցան իմ և Հայր Արբակին վրայ։ Միասին Սուրբ Յարութեան Տաճար կ՚իջնայինք՝ ծառայութեան։ Մեզի տեսնալով սկսան հայհոյել՝ եբրայերէնով և Ռուսերէնով- «Մահ հայերուն», «ազերները ձեզի լաւ ըրին սպանեցին», «ձեզի պիտի սպաննենք ձեր Եշուային նման», «մահ Քրիստոնեաներուն»։

Իսկ երբ զանոնք ոստիկանատուն հրաւիրեցի, պատասխանեցին.«մենք ոստիկաններուն ….. ունինք, ոստիկաններու առջեւ ձեզի կը ծեծենք»։

Ծեծկռտուքը իրենք սկսան և առաջին հարուածը ինծի տուին, ապա Հայր Արբակը զիս ուզեց պաշտպանել և ինքն ալ հարուած ստացաւ և երեքով յարձակեցան Հայր Արբակի վրայ և ծանր վիրաւորեցին ձախ աչքը։

Ծեծկռտուքի ատեն ոստիկանները կանչեցի, որ անմիջապէս հասան և անոնցմէ չորսէն երեքը ձեռբակալեցին, որ հիմա ազատ արձակուած են չբացակայելու պայմանաւ։

Յարուցուած է քրէական գործ։ Դէպքէն անմիջապէս ետք ոստիկանատուն կանչեցի Վանքիս Աւագ Թարգման Հայր Վազգէնը, որ անմիջապէա եկաւ և շտապօգնութեան ինքնաշարժով Հայր Արբակը հիւանդանոց ուղեկցեց։

Առաւօտեան բոլոր անհրաժեշտ քննութիւններն ընելէ ետք Հայր Արբակը դուրս գրուած է։ Պատրիարք Հօր հետ Ոստիկանապետը խօսած է և հաստատած, որ քրգործը իր հսկողութեան ներքոյ է։ Անոնք գողցած են Հայր Արբակին բջջային հեռախօսը», -ներկայացրել է Հայր Տիրայր Հակոբյանը: