Հայաստանի համար այժմ առաջնայինը գերիների հարցն է, Սյունիքի և Հադրութի շրջանների խնդիրները. Թոմ դե Վաալ․ Ազատություն

Հայաստանի համար այժմ առաջնայինը ոչ այնքան Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղի հարցով քաղաքական համաձայնագրի հասնելն է, որքան գերիների հարցը, Սյունիքի և Հադրութի շրջանների խնդիրները, կարծում է ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը, գրում է Ազատությունը։

Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն այս համատեքստում՝ հարցադրում է անում Դե Վաալն ու պատասխանում. «Այն կարող է փորձել նախաձեռնել երկխոսություն Բաքվի հետ Երևանի միջև, կարող է փորձել աջակցել քաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների, կարող է փորձել տրամադրել որոշակի գումար վերակառուցման համար, բայց կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում շատ բան չկա, որ Միացյալ Նահանգները կարողանա անել: Խոսքը վերաբերում է միջնաժամկետ հեռանկարին, այն է՝ 3-5 տարի»:

Հայ-ամերիկյան քաղաքագիտական ֆորումի մասնակիցներից «Քարնեգի» միջազգային հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին էլ այսօր կարծիք հայտնեց, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարելի է դրական գնահատել։

Երկու երկրները թեպետ պայմանագրի վրա հիմնված դաշնակիցներ չեն, բայց ունեն համաշխարհային, տարածաշրջանային փոխգործակցության պատմություն։ Սթրոնսկիի կարծիքով՝ այսօր էլ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն կա, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին։

«Ադրբեջանը կարող է բարդ գործընկեր լինել Միացյալ Նահանգների համար, այն ժողովրդավարական երկիր չէ, և կտեսնենք, թե ինչպես է Բայդենի վարչակազմն առնչվում վերջինիս հետ, քանի որ ժողովրդավարության առումով այն հետընթաց է արձանագրել վերջին տարվա ընթացքում և դրսևորել է առավել հարձակողական վարքագիծ, ուստի դա մարտահրավեր է լինելու Միացյալ Նահանգների համար։

Թուրքիան երկար ժամանակ ԱՄՆ համար եղել է բարդ դաշնակից, այն միշտ չէ, որ ժողովրդավարական երկիր է, և մի շարք տարաձայնություններ կան վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում Թուրքիայի հարձակողականության պատճառով, որը ակնհայտ էր ԼՂՀ պարագայում, տարաձայնություններ կան նաև Ռուսաստանի հետ իր սերտացող հարաբերությունների հարցում», – նշեց Փոլ Սթրոնսկին։

Թուրքիայում ու Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակի մասին է խոսում նաև Թոմ դե Վաալը, ընդգծելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է լինել ազնիվ միջնորդ՝ առանց այն գաղութային պատմական անցյալի բեռի, որ Ռուսաստանն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ։

«Չեմ կարծում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այս պահին, հիմնական խոչընդոտը Թուրքիայի կողմից Ղարաբաղի հարակից շրջանների հարցն է, այդ հարցն այժմ դուրս է մղվում:

Առնվազն տեսականորեն կարող է սկսվել հարաբերությունների կարգավորումը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա հիմա անհնար է՝ հաշվի առնելով, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին վերջին հակամարտության ժամանակ», – ընդգծել է Դե Վաալը։

Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի մասնակցության ու Ադրբեջանին աջակցության հարցին այսօր անդրադարձավ լրագրող և մեդիա վերլուծաբան Արիս Նալչին Թուրքիայից.

«Մենք չպետք է արհամարհենք նաև այն փաստը, որ Թուրքիան միջնորդ հանդիսացավ նաև վարձկանների համար, Սիրիայից կամ Իրաքից կամ այն ջիհադիստների համար, որոնց ուզում էր ուղարկեր Լիբիա, բայց արդեն ուղարկել էր ԼՂ պատերազմի համար: 2300-4000 անձ է գնացել և թուրքական մամուլից կարող եմ ասել, որ միայն 300 մարդ է վերադարձել, մնացած 2000-ը կա՛մ անհետացել են, կա՛մ պահանջում են իրենց գումարը, որ խոստացել էր իրենց Թուրքիան, և այդ մարդիկ քաոս են ստեղծելու նաև հարավային կովկասում»։

ԱՄՆ-ն երկար տարիներ շահագրգռված է եղել տարածաշրջանային ապակայունությունը կանխելու համար, աշխատել են՝ փորձելով Մինսկի խմբի շրջանակներում միջնորդել ղարաբաղյան հակամարտության լուծմանը՝ ասում են վերլուծաբանները։

«Կարծում եմ, որ այս պահին Մինսկի խումբը քննարկման և բանակցությունների միակ ձևաչափն է, որին բոլոր կողմերը դիտարկում են որպես շատ թե քիչ բավականին օբյեկտիվ։ Հիմա թուրքերը կամ ադրբեջանցիները կասեն, որ Մինսկի խումբը երբեք ոչինչ չի արել, որը ճիշտ չէ։

Մինսկի խումբը զգալի աշխատանք է տարել` առաջարկելով լուծման տարբերակներ մի քանի անգամ՝ 2000-ականների սկզբին և ուշ 2000-ականներին, և շատ են մոտեցել դրան, բայց կողմերի մոտ բացակայել է պատրաստակամությունը։ Միացյալ Նահանգները պատրաստակամ է շարունակել այս գործընթացը, փորձել աջակցել բարձր մակարդակով, բայց կողմերը պետք է կամք դրսևորեն դա անելու համար», – ասաց Փոլ Սթրոնսկին:

Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացումը մեդիա վերլուծաբան Արիս Նալչին սխալ է համարում։ Նրա խոսքով՝ դրան տնտեսապես պետք է պատրաստ լինեն երկու երկրները, իսկ այժմ չկա այդ հավասարությունը Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունների միջև՝ ինչը պարունակում է ամենատարբեր վտանգներ։

Ինչ վերաբերում է Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի կոշտ արձագանքի բացակայությանը, ապա ըստ Արիս Նալչիի, Թուրքիան կորցնում է իր միջազգային քաղաքական հզորությունը, և եթե Թրամփի օրոք հարցերը նաև բիզնեսի միջոցով էր հնարավոր լուծել, ապա Բայդենի օրոք՝ այդ տարբերակը չի աշխատում։