Պառավաքարի դպրոցում անմահ հերոսների անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել

Այսօր` մայիսի 22-ին, Պառավաքարի միջնակարգ դպրոցում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների` Հենզել Բաղդասարյանի, Կարեն Մարգարյանի, Արմեն Բրուտյանի, Սոս Սարգսյանի անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել:

Դասասենյակների անվանակոչման արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, Պառավաքար գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, հերոսների ծնողները, հարազատները:

«Բերդ համայնքում մեր առաջին զոհը եղել է Կարեն Մարգարյանը` Պառավաքարից, վերջինը հրաժետ ենք տվել մեր Հենզել Բաղդասարյանին` կրկին Պառավաքարից:

Մենք տեսել ենք տառապանքը, ապրումը, ցավը նաև Սոսի և Արմենի ընտանիքներում: Եվ այսպես ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… սակայն այսօր մեր տղաների լույս հայացքների ներքո ուզում եմ դիմել բոլորիդ պատերազմի ժամանակ նահատակված Վաչագան Մանուկյանի հոր` Խաչիկ Մանուկյանի խոսքերով, որ ասել է որդուն ճանապարհելիս. «Մենք իրավունք չունենք հերոսապատումը ողբերգության վերածելու»: Այո, մենք իրավունք չունենք: Մեր սիրելի եղբայրներն ու զավակները մեզ այդ իրավունքը չեն տվել: Մենք իրավունք չունենք նրանց սպանելու: … Մեր խոնարհումը բոլորիդ, մեր գնահատանքը Պառավաքարի դպրոցին, որտեղ ծնվել են մեր հերոսները…»,-նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը: Այսօր Պառավաքարի մշակույթի տանը կայացել է նաև հուշ-ցերեկույթ` նվիրված պառավաքարցի անմահ հերոսների հիշատակին:

ՀՀ նախագահի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Մեդալն այսօր հանձնվել է Հենզել Բաղդասարյանի հարազատներին: