Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.
«Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ: Սակայն համավարակը և պատերազմն իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին: Բայց ո՛չ COVID-ը, ո՛չ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա:
Ավելի ճիշտ, դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում:Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների և աղջիկների կյանքերը…
Ձեզնից ոմանք ու ձեր գործընկերները միաժամանակ թե՛ համավարակի դեմ էին պայքարում, և թե՛ պատերազմական գործողությունների կիզակետում էին: Մենք բոլորս գիտենք դրա մասին և շատ բարձր ենք գնահատում:
Ցավոք, համավարակն ու պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործընկերների: Նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը հանուն մեկ ուրիշ կյանք փրկելու՝ ծանոթ ու անծանոթ կյանք, զինվորի կյանք, երեխայի ու մեծահասակի կյանք…
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում և համավարակի դեմ պայքարում զոհված և հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը…
Սիրելի բուժաշխատողներ,Դուք ունեք տարբեր կենսագրություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ: Բայց ունեք միավորող մի ընդհանրություն՝ բոլորդ մարդկային կյանք եք փրկում, այս բառի ամենաուղիղ իմաստով:
Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության:Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր հարազատներին:
Եւ ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, իսկ ձեր միակ մտահոգությունը՝ նրան փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնել: Վստահ եմ՝ դուք շնորհակալության ու երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու եք ստանալ: Ես ի սրտե միանում եմ դրանց:
Շնորհակալ եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ՝ ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատական ու խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք արել եք և անում եք այսօր:
Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք: Առողջ եղեք, որ առողջ լինենք բոլորս:Աստված պահապան մեր երկրին ու նրա զավակներին, ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»: