Շիրակի մարզում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը կհիմնանորոգվի

Շիրակի մարզի Հոռոմ համայնքի և Գյումրու <Զանգակ> մանկապարտեզները լինելու են երկհարկանի շենքեր։ Առաջին հարկում կլինի նախասրահ, հանդերձարան, տնօրենի սենյակ, մեկ խմբի համար սենյակներ (խաղասենյակ, ննջասենյակ, բուֆետ, սանհանգույց), ինչպես նաև անձնակազմի սենյակ` իր սանհանգույցով, բժշկի սենյակ, մեկուսարան` իր սանհանգույցով, խոհանոց, սննդի պահեստ, ջերմային հանգույց և լվացքատուն։

Երկրորդ հարկում տեղակայված կլինեն՝ նախասրահ, երկու խմբի համար սենյակներ և էվակուացիոն երկու եք։ Կոնստրուկտիվ համակարգերը նախատեսված են քարե կրող պատերով և միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից:

Շենքերի տանիքների ծածկույթը՝ գունավոր մետաղակղմինդրից, կրող կոնստրուկցիաները՝ փայտյա: Նախատեսվում են ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև ներքին էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, օդափոխության, ավտոմատ հակահրդեհային ազդարարման համակարգերի կառուցում: Ջեռուցումը իրականացվելու է ջերմային հանգույցում տեղադրվող` պատի տուրբո երկու կաթսաներով:

Տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք տեղադրվելու են մանկապարտեզների տանիքներում: Ծրագրով նախատեսվում է նաև տարածքների բարեկարգում ու ցանկապատում, շենքերի շուրջ սալվածքի իրականացում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզները նախատեսված են 75 երեխայի համար։ 

Շիրակի մարզի Փանիկ համայնքում նախատեսվում է մանկապարտեզի շենքի սեյսմակայունության ապահովում, հիմնանորոգում՝ նոր հատակագծով։ Մասնավորապես` կիրականացվեն հատակի, ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքները:

Ամբողջովին կփոխարինվեն ներքին և արտաքին ինժեներական ցանցերն ու սարքավորումները: Վերակառուցվում են ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերը, նախատեսվում է օդափոխություն, հակահրդեհային համակարգերի տեղադրում, կփոխվեն ներքին էլեկտրատեխնիկական սարքավորուներն ու մալուխները: Ջեռուցումը կիրականացվի հոսանքով` պատի պանելային մարտկոցներով: Տաք ջրամատակարարումը կիրականացվի էլեկտրական ջրատաքացուցիչով:

Արտաքին պատերը կջերմամեկուսացվեն, կսվաղվեն և կներկվեն։ Արտաքին պատերի ստորին հատվածները երեսապատվում են բազալտե սալերով: Շենքի պարագծով նախատեսվում է “բրեկչա” տիպի սալվածք: Տարածքն ասֆալտապատվում է: Մանկապարտեզը նախատեսվում է 80 աշակերտի համար։ 

Մանկապարտեզները կկառուցվեն ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչի լրացուցիչ ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով։ Այս պահին ընթանում է մրցույթների արդյունքների գնահատման գործընթացը։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հուլիսին։ Նույն ծրագրի շրջանակներում Գյումրիում ընթացքի մեջ են  «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: