Միկոյանն ու Մաքսային միությունը. Ո՞ւր են շտապում իշխանությունները

Միկոյանն ու Մաքսային միությունը. Ո՞ւր են շտապում իշխանությունները
Միկոյանն ու Մաքսային միությունը. Ո՞ւր են շտապում իշխանությունները

Չնայած ստալինյան ռեպրեսիաների ուղղակիորեն մասնակից բոլշեւիկ Անաստաս Միկոյանի` Երեւանում տեղադրվելիք արձանի աղմկահարույց որոշման շուրջ քննադատությունները եւ բողոքները չեն դադարում, այնուամենայնիվ, Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է եւ ենթադրաբար մոտ ապագայում այն իր տեղը կզբաղեցնի Երեւանի կենտրոնում: 

Իշխանությունների հապշտապությունը` առանց հասարակական քննարկումների, քանդակագործի մրցույթի եւ նախագծի հավանության որոշվել է ուղղակի տեղադել Անաստաս Միկոյանի` Մոսկվայի գերեզմանի մահարձանի կրկնօրինակը եւ «ժամանակ չվատնել», շատերի համոզմամբ պատահական չէ:

Այս պահին, երբ Հայաստանը պատրաստվում է Մաքսային միությանը միանալու փաստաթղթեր ստորագրել, Միկոյանի արձանի կանգնեցումը ուղղակիորեն կապվում է Կրեմլին անցյալը հիշեցնելու,  հաճոյանալու հետ:

«Հայաստանի անկախության 23-րդ տարում վերցնել եւ մայրաքաղաքում տեղադրել հայ ժողովրդի դահիճներից մեկի արձանը խայտառակություն է, սակայն այդ խայտառակությունն իր պատճառն ունի: Կրկին անգամ իշխանությունները սովետական մեռելներին վերակենդանացնելու հաշվին ուզում են հաճոյանալ Ռուսաստանին»,-«Մեդիալաբին» ասում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ես վստահ եմ, որ առաջ քաշած վարկածը մեծապես համապատասխանում է իրականությանը,-«Մեդիալաբին» ասում է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը,- դա մի օղակ է ընդամենը շղթայի, որով մենք շղթայվում եւ կապվում ենք խորտակվող կայսրությանը»:

Մինչ խոսակցությունների սարդոստյանում, դաժանության եւ հազարավոր հայերի մահվան մեջ ուղղակի մասնակցություն ունեցած փաստաթղթեր ստորագրած Անաստաս Միկոյանի անցյալի հետ կապված նորանոր արխիվային փաստաթղթեր են ի հայտ գալիս, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե առաջարկն ընդունվել է հաշվի առնելով Միկոյանի «ավանդը, անցած բարդ ուղին եւ հեղափոխական աշխատանքը»:

«Տալ համաձայնություն պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Իսահակյան-Կորյունի փողոցների միջանկյալ՝ Գ. Քոչարի փողոցին զուգահեռ պուրակում տեղադրելու համար»,-նշված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի`ապրիլի 30-ի  հրամանի մեջ` ով ավելի ուշ լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ մնացած հարցերը պիտի «ուսումնասիրեն պատմաբանները»։

«Անաստաս Հովհաննեսի Միկոյանը անցել է քաղաքական և պետական գործունեության բարդ ուղի։ Նա խորհրդային տնտեսությանը նվիրված մի շարք աշխատությունների և հուշագրությունների հեղինակ է։ Պարգևատրվել է ԽՍՀՄ տարբեր երկրների բազմաթիվ շքանշաններով և մեդալներով։ Խորհրդային Միության պետական և կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանը 1943 թվականին արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման»,-նշված է Տարոն Մարգարյանի հիմնավորում-տեղեկանքի մեջ` հիմնավորելով, որ հուշարձանի տեղադրման առաջարկը ներկայացվում է «հաշվի առնելով Անաստաս Միկոյանը ավանդը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը թեեւ հուշարձանի տեղադրման առաջարկը չի կապում Ռուսաստանի ազդեցության հետ, այնուամենայնիվ նշում է, որ արյունոտ ձեռքեր ունեցող, Հայաստանի դեմ գործած Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելը «անբարոյականություն է»:

«Ամենաչարագուշակ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ անկախ Հայաստանում կարող է նման արձանի առաջարկ լինել,-«Մեդիալաբին» ասում է Իշխանյանը,-ցանկացած արժանապատիվ հայի համար, վիրավորական է նման արձանի գոյությունը, եւ կանգնեցնելու դեպքում պիտի քանդեն»:

Անաստաս Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու գաղափարն անհասկանալի և անբարոյական է համարել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: «Հայկական ժամանակը» օրաթերթին տված իր մեկնաբանությունում, դեսպանը հիշել է նաեւ Կատինում մի քանի հազար լեհ սպաներին գնդակահարելու մասին Անաստաս Միկոյանի ստորագրությամբ փաստաթուղթը:

«Այդ փաստաթուղթը վերաբերում Է 22 հազար լեհերի գնդակահարությանը: Ինձ և ձեզ հայտնի է մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ասվում Է, որ Միկոյանը Մոսկվայի իշխանություններին խնդրում է ավելացնել գնդակահարության դատապարտված հայերի թիվը մի քանի հարյուր մարդով: Հետևաբար, իմ և հայերի վերաբերմունքը Միկոյանի նկատմամբ ակնհայտ է», – ըստ աղբյուրի ասել է Ռաչինսկին:

Միկոյանի կենսագրությունը հակասական է, նա հայտնի է ինչպես ստալինյան ռեպրեսիաների մասնակից, բազմաթիվ հայերի` մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով Ստալինին ուղղված իր դիմում խնդրանքով, հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու, Ղարաբաղի եւ այլ կարեւոր հարցերում ոչ հայանպաստ մոտեցմամբ, այնպես էլ Խորհրդային սննդի արդյունաբերության զարգացման համալիր փայլուն ծրագրով` պաղպաղակի, երշիկեղենի եւ այլ արտադրության խթանմամբ:

Այն որ Միկոյանը մասնակցել է արյունահեղությանը, պատմության անքակտելի մասն է կազմել, ուրիշների կյանքի գնով պահել է իրենը` անհերքելի է համարում Տիգրան Խզմալյանը: Այս ամենից ելնելով, Խզմալյանը տրամաբանական է համարում մարդկանց ցասումը: Սակայն միեւնույն ժամանակ նշում է, որ գոնե այս դեպքում,  կարելի էր Միկոյանի արձանը կանգնեցնել որեւէ լուրջ պարենային գործարանի առաջ` ի հիշատակ նրա` սննդի ոլորտում ունեցած մեծ հաջողությունների, որոնք շատերի մոտ կարոտախտ են առաջացնում:

Նա նշում է, որ ի վերջո, անհասկանալի է, երբ Նժդեհի գաղափարախոսությամբ առաջնորդվող իշխող կուսակցությունը չի բարձրացնում Գարեգին Նժդեհի արձանն ունենալու հարցը եւ շարունակում են բոցաշունչ ճառեր ասել «Գարեգին Նժդեհի» հրապարակում առ այսօր կանգնած բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի արձանի տակ:

«Ինչի՞ մասին է խոսքը»,-հարցնում է նա:

Ավելի քան 450 մարդ` հասարակական, քաղաքական, մշակութային, քաղաքացիական ակտիվիստներ եւ քաղաքացիներ են միացել Միկոյանի արձան դեմ սկսված ստորագրահավաքին, որով իշխանությունների կոչ են անում հրաժարվել նման մտադրությունից:

«Կարծում ենք, որ Անաստաս Միկոյանի և իր նման քաղաքական գործիչների գործունեությունը գիտական ուսումնասիրության ու հասարակական քննարկումների առարկա պետք է լինի, և ոչ հերոսացման»,-նշված է բաց նամակի մեջ:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ մերժողական վերաբերմունքի նման ալիքի դեպքում «իշխանությունները հնարավոր է հետքայլ անեն»:

«Պետք է պայքարը շարունակվի,-վստահ է Մեհրաբյանը,-Հակառակ դեպքում այդ հուշարձանը մի տեղ ունի` Սովետաշենի աղբանոցը»:

Լուսանկարում` Անաստաս Միկոյանի մահարձանը

© Medialab.am