Ստեփանակերտի օդանավակայանի սպասված բացումը. ԼՂՀ վարչապետը հավատացրել է, որ «Թռիչքը կլինի շուտով»

Ստեփանակերտի օդանավակայանի սպասված բացումը. ԼՂՀ վարչապետը հավատացրել է, որ «Թռիչքը կլինի շուտով»
Ստեփանակերտի օդանավակայանի սպասված բացումը. ԼՂՀ վարչապետը հավատացրել է, որ «Թռիչքը կլինի շուտով»

Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ նման հայտարարություն է արել ԼՂՀ վարչապետը` նշելով, որ ձգձգման պատճառը ոչ թե անվտանգության հարցն է, այլ անձնակազմի պատրաստվածությունը:
Այս մասին տեղեկացնում է Karabakh-open.info լրատվական կայքը:
Ըստ կայքի, երեկ ԼՂՀ կառավարության վերջին նիստի ժամանակ գործադիրի հավանությանն է արժանացել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նորաստեղծ կոմիտեին, որ կգլխավորի ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում գործադիրի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը, իսկ մեկամսյա ժամկետում` օդային փոխադրամիջոցներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:

Նիստից հետո վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ե՞րբ է լինելու թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից եւ ինչո՞ւմն է խնդիրը ձգձգման, Արա Հարությունյանը հնչեցրել է ավանդական պատասխանը՝ «շուտով»։

«Օդանավակայանի շահագործման հետ կապված որեւէ խնդիր չունենք. ունենք կառուցված օդանավակայան, նավիգացիոն ժամանակակից համակարգ, ձեռք է բերվել օդանավ, վերապատրաստվել են օդաչուները»,-ըստ Karabakh-open.info-ի նշել է նա՝ հավելելով, որ խնդիրը ոչ թե քաղաքական անվտանգության, այլ մասնագետների պատրաստվածության հետ է կապված։ Վերջում վարչապետը համոզմունք է հայտնել, որ թռիչքը կլինի շատ շուտով։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ խոսակցությունները թեժացան այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց սպառնալիքներ հնչեցնել` հավատացնելով, թե կոչնչացնի ԼՂՀ տարածքով թռիչքներ իրականացնող օդանավերը:

Ի պատասխան, անցյալ տարի մարտի 31-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորն ինքն է լինելու:

Սերժ Սարգսյանը Ադրբեջանի նման հայտարարությունները որակել է «մարազմ, հիվանդ մարդկանց ելույթներ, ժամանակավրեպ բաներ»։

«Ես հայտարարում եմ, որ առաջին չվերթի առաջին ուղեւորը լինելու եմ ես` Հայաստանի նախագահը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

© Medialab.am