«Բնակության համար մարդիկ չեն կարող վերադառնալ Բերձոր, քաղաքում միայն այն բնակիչներն են, որոնք ի սկզբանե չեն տեղահանվել»․ համայնքի ղեկավարը՝ իրավիճակի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը

– Պարո՛ն Ալեքսանյան, մենք պարբերաբար բողոքներ ենք լսում Բերձորի բնակիչներից այն մասին, որ նախ՝ չեն կարողանում օգտվել սոցիալական ծրագրերից։

Բացի դա, մարդիկ ցանկության դեպքում էլ չեն կարողանում վերադառնալ համայնք։ Բնակիչներին ռուս խաղաղապահներն ասել են, որ չեն կարող վերադառնալ, քանի որ Բերձորն արդեն ադրբեջանցիներին է։ Ի՞նչ է կատարվում։

– Որպես համայնքի ղեկավար՝ կարող եմ ասել, որ այսօր Բերձորում բնակեցման կամ տեղահանված նախկին բնակիչների վերադարձի հետ կապված հստակ բան չկա՝ հաշվի առնելով նաև բնակիչների անվտանգության հարցերը։

Ես ասում եմ այն, ինչ այսօր կա, թե հետագայում ի՛նչ կարգավիճակ կլինի՝ հայտնի չէ։ Ամեն դեպքում այս պահին բնակության համար մարդիկ չեն կարող վերադառնալ Բերձոր։

Կարող են ելումուտ անել, իրենց տունը գալ տեսնել, բայց որ գան հիմնական բնակվելու համար, այս պահին դեռ ոչ։ Ես հույս ունեմ, որ հետագայում այդ «ոչ»-ը կդառնա այո։

– Արցախի իշխանություններն ի՞նչ են ասում, վերջնական պատասխան ինչո՞ւ չեն տալիս մարդկանց։

– Ամեն դեպքում այդ հարցով այս ընթացքում տարվում են բանակցություններ՝ Լաչինի միջանցքում գտնվող բնակավայրերի հետագա ճակատագրի հետ կապված, այդ թվում՝ բնակիչների վերադարձի։

Քաղաքում խաղաղ բնակիչներ ապրո՞ւմ են այսօր։

– Այո՛, ապրում են, բայց նրանք հիմնականում այն բնակիչներն են, որոնք ի սկզբանե չեն էլ տեղահանվել։ Ես ինքս այս ամբողջ ընթացքում եղել եմ Բերձորում, հիմա էլ Բերձորում եմ։

– Իսկ ի՞նչն է խանգարում, որ գնացածները հետ գան։

– Նախ՝ գալու հետ կապված առաջին հերթին պետք է հստակ լինի, որ այստեղ անվտանգ է լինելու։ Երկրորդ՝ քանի որ այս պահին քաղաքում ունենք խաղաղապահների հսկիչ կետեր, նաև դա է խնդիր՝ մտնել համայնք, դուրս գալ։

Այսինքն՝ ռուս խաղաղապահները եկող բնակիչներին կարող են չթողնե՞լ մտնել քաղաք։

– Ոչ թե չթողնել… Քանի որ հիմա գոնե նրանց առջև դրված է հստակ խնդիր՝ ծառայություն տանել այս կարգավիճակով, շարժը որպես այդպիսին, բնակիչ կլինի թե պաշտոնատար անձ, այդ ամենը նրանց մոտ գրանցվում ու հսկվում է։

Բերձորի վերջնական կարգավիճակը հստակ չէ։ Առայժմ մենք գիտենք, որ դա Ադրբեջանի վերահսկողության տակ չանցած բնակավայր է, բայց բնակեցման համար ի՞նչ կարգավիճակ ունի կամ կունենա, հստակություն չկա։

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում, ի՞նչ եք կարծում՝ որպես համայնքի ղեկավար։ 

– Ամեն դեպքում գնահատականս այն է, որ առայժմ պետք է փորձել մի քիչ համբերել։ Աշխատանք տարվում է, կոնկրետ այս միջանցքի բնակավայրերի բնակեցման հետ կապված բանակցություններ տարվում են, բնականաբար, ավելի բարձր մակարդակով։ Ինֆորմացիան ու բանակցությունների ընթացքն կարող են քիչ հասանելի լինել մեզ։

Համայնքում մնացած բնակիչների համար չկա՞ անվտանգության խնդիր։

– Ոչ թե չկա խնդիր, այլ իրենք ընտրել են այդ տարբերակը մնացել են, չեն գնացել։ Ամեն դեպքում ռուս խաղաղապահները քաղաքի տարածքում են։

Բայց, դե, անվտա՞նգ է դա, թե՞ ոչ, վտանգավորության աստիճան կա՞, թե՞ ոչ՝ գոնե այս պահին մենք այստեղ մնալով՝ այդ վտանգավորության աստիճանը չենք զգում։ Այսօր միայն Բերձորում ավելի քան 120 մարդ կա։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարն ու աշխատողներն էլ են այստեղ։

Հարակից համայնքներից՝ Սուսում մոտ 10 մարդ կա հիմա, Աղավնոյում՝ համեմատաբար ավելի շատ՝ մոտ 100 մարդ։ Աղավնոյում անգամ դպրոցն է աշխատում։

Պարո՛ն Ալեքսանյան, Բերձորի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում օգտվել սոցիալական ծրագրերից։ Ինչո՞ւ է այս խնդիրը պարբերաբար բարձրանում։

– Չկա մեկը, ով չօգտվի սոցիալական ծրագրերից։ Եթե ինքը շահառու է, հավատացած եղեք, բոլոր շահառուներն օգտվել են ծրագրերից։

Այլ հարց է, թե մենք համբերություն ունե՞նք, թե՞ չէ, մենք պատկերացնո՞ւմ ենք աջակցությունից օգտվող շահառուների թիվը։ Ինչո՞ւ են մերժվում որոշ անձինք. ես՝ որպես համայնքի ղեկավար, կարող եմ ասել, որ լիքը բնակիչներ մերժվելու են։ Ինչո՞ւ են մերժվում, որովհետև կա հստակ օրենքի պահանջ, կառավարության որոշում, թե ովքեր են հանդիսանում շահառու։

Այսինքն՝ ունենք հաշվառված քաղաքացի, որը Բերձորում չի ապրել, հաշվառումը մնացել է, ինքը տեղափոխվել է։ Ինքն ավտոմատ իր հայտը լրացնելու է՝ հաշվի առնելով այն, որ հաշվառված է, բայց երբ մերժվի, իր մոտ հարց է առաջանում, թե ինչու է մերժվում։

Եթե շահառուն համապատասխանում է կառավարության որոշման պահանջներին, հնարավոր չէ մերժել։ Մերժման պատճառները շատ կարող են լինել, օրինակ՝ բնակիչներից մեկը հայտը լրացնելիս չէր կցել երեխայի ծննդյան վկայականը։ Ծրագիրն ավտոմատ մերժել է, որովհետև հաստատված կարգ է դա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am