Բաքուն պատասխանել է Մինսկի Խմբի համանախագահներին և Եվրամիությանը, ըստ էության մերժելով նրանց կոչերը.Ազատություն

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունները, պատասխանել միջազգային կառույցների կոչերին ու հորդորներին՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Եվրամիությանը։Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Մայիսի 28-ին՝ Հայաստանի վեց զինծառայողների գերեվարման հաջորդ օրը համանախագահներն ու Բրյուսելը հանդես եկան հայտարարություններով։ Համանախագահներն ընդգծել էին, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքը անընդունելի է։

Ադրբեջանի արտգործնախարարության երեկ տարածած մեկնաբանությունում ասվում է, որ գերեվարված վեց հայ զինծառայողները ականապատում էին ճանապարհները։ «Այն ժամանակ, երբ Ադրբեջանը զբաղված է ազատված տարածքները ականներից մաքրելու ամենօրյա աշխատանքով, հայկական կողմը ոչ միայն չի տրամադրում ականապատված դաշտերի քարտեզները, այլ զբաղվում է Ադրբեջանի տարածքի նոր ականապատումներով» , – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, նշելով, որ պահվող անձանց բոլորը բոլորի դիմաց փոխանակելու համանախագահների կոչերը պետք է հաշվի առնեն այդ անձանց գերեվարելու պատճառները։

Ադրբեջանը կողմ է սահմանային հարցերի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով և պաշտպանում է միջազգային հանրության կոչերը՝ սկսելու երկու երկրների սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան։ Ադրբեջանը պաշտպանում է եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար։

«Այդ գործընթացը կարող է սկսվել միայն տարածքային ամբողջականությունը ճանաչելու և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում, ինչը պայմաններ կստեղծի խաղաղ համակեցության համար», – պատասխանել է Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նշել, թե նրանք ինչով կարող են զբաղվել, – «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հերթին կարող են աջակցել եռակողմ հայտարարության իրականացմանը՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի խաղաղության և զարգացման համար»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում