Արթուր Օսիպյանի հետ կապված դեպքից անմիջապես հետո իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են նրան տեսակցելու։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ նպատակն էր առանձնազրույց ունենալ Օսիպյանի հետ և տեղեկանալ նրա իրավունքների հետ կապված հնարավոր խնդիրների մասին, սակայն վերջինս հրաժարվել է հանդիպումից։
ՄԻՊ-ը հրաժարվել է մեկնաբանել Օսիպյանի առողջական վիճակը՝ նշելով, որ դա անձնական տվյալ և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է։
«Կարևոր է հիշել, որ հացադուլը դիտարկվում է որպես անձի իրավունք, և պետության հիմնական պարտավորությունն այս դեպքում պատշաճ բժշկական հսկողության ապահովումն է»,- ասել է Մանասյանը։
Անդրադառնալով Օսիպյանի կալանավորմանը՝ ՄԻՊ-ը նշել է, որ այդ հարցը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։
«Բազմիցս խոսել եմ թե՛ կալանքի կիրառման, թե՛ խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին։ Փաստաթղթերին ծանոթանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնամ այս հարցին»,- հայտարարել է նա։


















