«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, գրում է Հայկական ժամանակը։
Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:
Քոչարյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի մայիսի 31-ի թիվ 108-Ա որոշումը։
Նշենք, որ ըստ ԿԸՀ որոշման՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչել:
Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման: Տվյալ դեպքում «Կյանք եւ ազատություն» գրքի պատկերով եւ «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչվել, քանի որ Քոչարյանը հանդիսանում է պատգամավորի թեկնածու: