Բաքվի դատարանը շիրակցի 13 ռազմագերիներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման.Factor

Բաքվում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստն ընթացել է դատավոր Էլդար Իսմայիլովի նախագահությամբ, և ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթերը։ Հայտարարվել է դատաքննության ավարտի մասին։

Շիրակցի 13 ռազմագերիներն են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը, Մարտին Աղրամանյանը։

Նիստի ընթացքում մեղադրող դատախազը հանդես է եկել ելույթով ու խնդրել դատարանին հայ գերիներին դատապարտել 318․2 ՝ պետական սահմանի անօրինական հատման, 228․3 ՝ զենքի օրինական ձեռքբերման, պահման հոդվածներով՝ հանելով ահաբեկչության մեղադրանքը։

Դատախազը պահանջել է հայ գերիներին դատապարտել 7 տարվա ազատազրկման և պատժի կրումից հետո արտաքսել Ադրբեջանից։ Ելույթով հանդես են եկել նաև հայ գերիների փաստաբաններն ու խնդրել արդարացնող դատավճիռ։ Հայ գերիներն իրենց վերջին խոսքում ևս խնդրել են արդարացնել իրենց։

Դատարանը հրապարակել է վճիռը՝ հայ ռազմագերիներին դատապարտելով 6 տարվա ազատազրկման։ Նրանք պատիժը կրելու են ծանր ռեժիմի գաղութում։

Դատավճռում նաև ասվում է, որ պատժի կրումից հետո նրանք արտաքսվելու են Ադրբեջանից։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց Ադրբեջանի կողմից։

Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել Հայաստան գերիների վերադարձը խոչընդոտելու համար։

Այս մասին հայտնում է Factor.am-ը