«Չգիտեմ, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում». Արման Աբովյանը՝ կուսակցի ձերբակալության մասին

«Չգիտեմ, չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում այսպես արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Արման Աբովյանը իր կուսակցի ձերբակալության մասին ճշտող հարցին:

Նշենք, որ «Հայկական Ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը գավառում բնամթերքի տեսքով ընտրակաշառք է փորձել բաժանել:

Երեկ գլխավոր դատախազը այդ մասին հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով՝ հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչների կողմից Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է տրվել՝ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, այդ կոսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: 2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Նշենք, որ Արամայիս Ապրոյանը ԲՀԿ ցուցակի 83-րդ հորիզոնականում է: