ԵՊՀ-ի «Սև շենքը» չի վաճառվում, բայց օտարման ենթակա է հարևան ավտոկայանատեղին.Factor


Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկի՝ «Սև շենքի» վաճառքի հարցը քննարկման փուլում է և, որ այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու։

Տեղեկության իսկությունը պարզելու համար Factor.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, որն ասաց՝ ԵՊՀ «Սև շենքի» օտարման մասին խոսք լինել չի կարող, այդպիսի հարց օրակարգում չկա։

Իսկ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց՝ «վաճառվում է ոչ թե ԵՊՀ մասնաշենքը, այլ կողքի ավտոկայանատեղին»՝ նշելով, որ դա անընդունելի որոշում է։

«Պետությունը ուզում է օտարել այդ ավտոկայանատեղին և այստեղ բազում հարցեր են առաջանում՝ կոռուպցիոն, պաշտոնական դիրքի չարաշահման և այլնի վերաբերյալ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ հատվածում հյուրանոց են կառուցելու»,- ասաց Էմին-Տերյանը։

Թեև վաճառվող գույքը ԵՊՀ-ին չի պատկանում, սակայն ԵՊՀ մամուլի խոսնակի կարծիքով դրա վաճառքով և հյուրանոցի կառուցմաաբ այլևս հնարավոր չի լինելու մտնել «Սև շենքի» բակ։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ համալսարանից ոչ ոք կարծիք չի հարցրել՝ կո՞ղմ է, թե՞ դեմ, նման որոշում կայացնելու իրավասություն ունի՞, թե՞ ոչ։

Կարծում եմ, որ դա պետք է որոշեր ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, գուցե այդ խորհրդի չլինելը, որը իշխանությունը լուծարման տարավ, կապված է այս պատմության հետ․ ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, բայց, այնուամենայնիվ, եթե համալսարանը ունենար հոգաբարձուների խորհուրդ՝ որևէ ձևով պետք է արձագանքեր սրան»,- ընդգծեց Էմին-Տերյանը։

Նշենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն, ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, հաստատել էր, որ Աբովյան 52 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման հարցը քննարկման փուլում է:

Պ​ետական գույքի կառավարման կոմիտեի գրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Աբովյան 52 հասցեում գտնվող գույքը ներկայաումս հանդիսանում է պետական սեփականություն և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում