Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար:
Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Տեղեկացնում է aliq.ge -ն։
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ:
Գործընթացին ներգրավված է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի ` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում մենք շատ ակտիվ ենք եղել մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ` այս արդյունքին հասնելու համար:
Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենք այդպիսի արդյունք և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին `Ադրբեջանին և Հայաստանին, որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է ընդառաջ քայլեր անել` տարածաշրջանում երկկողմ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», – ասել է Զալկալիանին:
Այս մասին հայտնում է Factor.am-ը