Կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի որևէ կարգավիճակի փոփոխություն բացառում ենք. Փաշինյան. տեսանյութ

Առաջիկա 5 տարիներին պլանավորում ենք կառուցել 2600 կմ ճանապարհ, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարի կառուցում։ Ապահովել Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, այսպիսով՝ ամբողջ աշխարհի հետ: Այդ մասին քիչ առաջ հանրահավաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Կրկին ու կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն: Այսինքն՝ կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի որևէ կարգավիճակի փոփոխություն բացառում ենք:

Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք ստանալու մասին այլ բան քան աբսուրդ դժվար է անվանել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն և այս իմաստով տարանցում, հաղորդակցության ուղիներ երկրները կստանան հավասարաչափ, համաչափ ուղիներ», -հայտարարեց Փաշինյանը: