ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Ելնելով դրանից Դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալը: 

Հացագործություն է քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կնիքները, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կտրոնները, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը: Դրա համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 6 տարի ժամկետով ազատազրկման ձևով:

Ոստիկանությունն ընտրությունների հետ կապված միջոցառումներում յուրաքանչյուր ընտրատեղամասում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:

Յուրաքանչյուր քաղաքացի, ընտրատեղամասում կամ դրան հարող տարածքում գտնվելու ընթացքում հանցավոր արարքների հետ առնչվելու, դրանց ականատես լինելու  դեպքում պետք է անմիջապես մոտենա ոստիկանների համար առանձնացված հատվածին և դիմի տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, ինչպես նաև ահազանգի իրավապահ այլ մարմիններին:

Միևնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել օրենքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունի պահանջելու, որ իր գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Այսինքն՝ տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասանկիցները պարտավոր են իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ: 

Այդ ընթացակարգերի շրջանցմամբ, անտեսմամբ գործողություններ կատարելը, այդ թվում և հատկապես բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիք հնչեցնելով, ինչպես նաև՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, հանձնաժողովի անդամի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և մյուսների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը,  հանգեցնում է քրեական պատասխանատվության՝ ընդհուպ 6 տարի ժամկետով ազատազրկման: