Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ։

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրական դիտողական առաքելության ընդհանուր դրական գնահատականը։ Ուրախալի է, որ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններով ընդհանուր առմամբ ապահովվել է հարգանք ընտրողների մարդու իրավունքների ու հիմնարար իրավունքների նկատմամբ, մրցապայքարի դուրս եկած ուժերը կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել , և ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատել քվեարկության օրվա քվեների հաշվարկը։

Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները մրցապայքարի հիմնական ուժերի շրջանում տիրող սուր բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հորդորում ենք հաստատվելուն պես հարգել այս ընտրությունների արդյունքները, մտահոգության տեղիք տվող հարցերի կարգավորման համար կիրառել ընտրաբողոքների համար սահմանված իրավական գործընթացը և խուսափել քաղաքական հաշվեհարդարներից, որպեսզի Հայաստանը շարունակի հետամուտ լինել իր ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ ու բարեկեցիկ ապագային։

Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իր գործընկերությունը Հայաստանի հետ։

Մենք գովեստով ենք արձանագրում առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերում և խրախուսում ենք Հայաստանին շարունակել ընթացքն այդ ճանապարհով՝ հայ ժողովրդի 2018թ․ գարնանն արտահայտած հավակնություններին համահունչ։

Բոլոր կողմերին հորդորում ենք հարգել իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները և սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ մեր աշխատանքին՝ միտված երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մեծացմանը։

Գովեստով ենք արձանագրում դեսպան Լին Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության անձնակազմի ամուր ու շարունակական աջակցությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Նրանց նվիրվածության ու եռանդագին աշխատանքի միջոցով մենք կշարունակենք խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը»։