ԱԳՆ հապաղումները և միջազգային արձագանքը

Այս օրերին տեղի ունեցող գործընթացները հասկանալի են Հայաստանում ապրող մարդկանցից շատերին: Եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք՝ բիզնեսը տարանջատվում է քաղաքականությունից, և փորձ է կատարվում վերականգնել արդարությունը:

Հիմա, ինչպես ներկայացրեց գլխավոր դատախազը, պատահական ի հայտ եկան ընտրակաշառքի բաժանման հստակ փաստեր, ինչը հնարավորություն տվեց քրեական հետապնդում նախաձեռնել բոլոր ընտրություններին ընտրակաշառքը սրբադասած այս մարդու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: 

Այս ամենը մենք գիտենք, ու մեր վերաբերմունքն էլ սովորականին մոտ էր: Կարելի է պատկերացնել օտարերկրյա մեր գործընկերների զարմանքը, երբ նրանք իմացան բոլոր այս գործողությունների մասին. մի քանի օր առաջ մարդը քննադատեց կառավարությանը, հրաժարական պահանջեց, և ահա՝ իշխանությունները վրեժ են լուծում: 

Ի՞նչ պետք է աներ իշխանությունը այս պարագայում. ապահովեր հստակ հաղորդակցություն օտարերկրյա կառույցների՝ դեսպանությունների, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, Եվրամիության հետ: 

Ե՞րբ դա պետք է արվեր՝ կիրակի առավոտյան: Կամ առնվազն՝ օրվա ընթացքում: 

Այդ կառույցներն ու առանցքային ներկայացուցիչները պետք է հանգիստ լինեին, որ արտակարգ զարգացումների մասին իշխանություններն իրենց անմիջապես տեղյակ են պահում: Դեսպանություններին, իհարկե, տրվել են տեղեկություններ: Սակայն այս դեպքում, այսպես ասած՝ ընդդիմության կողմից:

Կիրակի որևէ կապ որևէ դեսպանության հետ պաշտոնական կառույցները չեն ունեցել: Երկուշաբթի՝ նույնպես:

Ըստ «Մեդիալաբի» տեղեկությունների,  միայն օրերս են ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը ու փոխնախարար՝ Ավետ Ադոնցը զրուցել ԵՄ դեսպանի հետ և փոխանցել տեղեկություններ՝ կիրակի օրը տեղի ունեցածի մասին: Այն էլ՝ ի պատասխան եվրոպացիների խնդրանքի: 

Ինչո՞ւ ենք պնդում, որ կապը պետք է հաստատվեր հենց կիրակի: Հենց կիրակի են (ամենաուշը՝ երկուշաբթի առավոտյան) դեսպանությունները տեղեկություններ հաղորդել իրենց մայրաքաղաքներ, և հույժ կարևոր էր, որ այդ տեղեկությունները հիմնված լինեին պաշտոնական Երևանի մոտեցման վրա, այլ ոչ թե այսպես կոչված ընդդիմության, որն այս անգամ շատ ավելի օպերատիվ և, կարծես, արդյունավետ գործեց:

Ո՞վ գիտի՝ ինչ են մեր իրադարձությունների մասին պատմել նույնիսկ այս իշխանությունների նկատմամբ դրական տրամադրված մեր գործընկերները: 

Սակայն զավեշտը դեռ ցավալի դանդաղկոտությունը չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ կիրակի-երկուշաբթի օրերի իրադարձությունների մասին պաշտոնական Երևանի կարծիքը փոխանցում է նախկին ԲՀԿ-ական, ԲՀԿ-ի ստեղծման հիմքերում կանգնած, Քոչարյանի աշխատակազմում մի քանի տարի աշխատած մարդ՝ Ավետ Ադոնցը: 

Մի անձնավորություն, որ 2008 թ. մարտին գնացել էր Պետրոս Ղազարյանին հյուր և մեղադրանքներ տեղացել ընդդիմության հասցեին:

Հիմա այդ անձնավորությունը՝ նախկին ԲՀԿ-ականը, ընտրվել է ԱԳ նախարարության կողմից որպես իր նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը աշխարհին ներկայացնելու ամենապատշաճ մարդ:

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը շուրջ տարիուկես քաղաքական պաշտոնում պաշտոնավարման ընթացքում երբեք գնահատական չի տվել իր իսկ կեցվածքին 2008 թ. ընդդիմության նկատմամբ: 

Այն, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, բոլորս գիտեինք: Բայց ա՞յս աստիճան վատ… 

Տուսկի հայտարարությունն էլ թողնենք դեսերտին:

Գեդեոն Անեցի

MediaLab.am