«Իդեալական տարբերակ կլինի, եթե Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն առաջինը ճանաչի Արցախի անկախությունը». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին Արցախում և, մասնավորապես, Ստեփանակերտում։

– Տեղ-տեղ ներթափանցման շատ ակտիվ փորձ են կատարում, որոշ տեղերում հանգիստ է։ 

– Ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարի ռեժիմը ի՞նչ չափով է պահպանվում հակամարտության գոտում։

– Երբ մենք խոսում ենք հրադադարի վերահաստատման մասին, պետք է տարանջատենք քաղաքական որոշումը և ռազմական զարգացումները։ 

Քաղաքական որոշում կայացված է Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ և մյուս համանախագահների հավանությամբ։

Այսինքն՝ սա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որևէ մեկը չի հրաժարվել այս զինադադարից, Ադրբեջանը նույնպես ստորագրել է։ 

Բնական է, որ առաջնային դերակատարությունը և անմիջական գործընթացները Ռուսաստանի աշխատանքների ներքո են տեղի ունեցել։

Քաղաքական որոշումը կա, բայց պրակտիկորեն Ադրբեջանը որոշ հատվածներում խախտում է հրադադարը, որի մասին այսօր խոսեց նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը։ 

Հիմա պետք է տեղում ամեն ինչ արվի, որպեսզի կանգնեցվի այդ ագրեսիան։ Կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ նաև մեծ պետությունների, եռանախագահ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից։ 

– Այսօր տեղեկություն ստացվեց, որ հայկական ուժերը Սու-25 են խոցել։ Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ մարտերը կարծեք թե նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Սա մտահոգիչ չէ՞։

– Իհարկե մտահոգիչ է, և մենք հայտարարում ենք, որ անհրաժեշտ է կանգնեցնել այս ամենը։

Հիմա պետք է ամեն ինչ անել, որ դադարեցվեն ռազմական գործողությունները, իհարկե հասկանալով, որ դա բարդ է, քանի որ այս ամենին ներգրավված են Թուրքիան, ահաբեկիչներ, Ադրբեջանը։

Բայց չէ՞ որ սա վտանգում է նաև Ռուսաստանը, նաև աշխարհը, հետևաբար ամեն ինչ արվելու է այդ ուղղությամբ, պարզապես որոշ ժամանակ է պետք։ 

– Հիմա կոնցեպտ է առաջարկվում՝ «անջատում հանուն փրկության», այսինքն` Արցախի անկախության ճանաչումը աշխարհում պետք է ներկայացվի որպես նրա փրկության միակ ելք։ Դուք այս ձևակերպմանը համաձա՞յն եք, թե՞ առարկություններ ունեք ։ 

– Ես այստեղ ունեմ իմ մոտեցումը. Իհարկե սա շատ լուրջ, համապարփակ քննարկումների առարկա պետք է լինի։ Իհարկե ճանաչումը շատ կարևոր է, մենք միշտ դրա մասին ասել ենք, ոչ ոք չի կարող դեմ լինել Արցախի Հանրապետության ճանաչմանը։ 

Բայց մենք պետք է համապարփակ ձևով քննարկենք այդ հարցը, տեսնենք՝ դրանից հետո դրական զարգացումնե՞ր ենք ունենալու, թե՞ բացասական։ Միայն դրանից հետո կարելի է քայլ անել, որպեսզի հանկարծ դա չբերի էլ ավելի բարդ իրավիճակի։ Ամեն բան պետք է հաշվի առնել։

– Այսինքն՝ նախընտրելի է սկզբում Արցախի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, հետո նոր մտածել ճանաչման մասի՞ն։

– Դա ցույց կտա ժամանակը, բայց մենք պետք է շատ-շատ խորաթափանց վերլուծություն կատարենք։ Դա էմոցիաների տիրույթում չպետք է լինի։ 

– Տեսակետ կա, որ ճիշտ կլինի, որ նախ՝ աշխարհի մեծ պետություններից մեկը, հատկապես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ճանաչի Արցախի անկախությունը, նոր հետո՝ Հայաստանը ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Դա իդեալական տարբերակն է, որովհետև եթե Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է ճանաչում, դա լրիվ այլ գործընթաց է։ Բայց մենք պետք է ոչ թե 100, այլ 200 տոկոսով վստահ լինենք, որ դա տեղի կունենա։ Իսկ եթե տեղի չունենա՞։ Այսինքն՝ մենք շատ լավ պետք է քննարկենք համապարփակ ձևով, հետո տեսնենք, թե ինչ ենք անում։ 

– Այս անգամ հակառակորդն ընտրել է Ջաբրայիլ, Հադրութ, Մարտունի ուղղությունները։

– Այո՛, այդ ուղղություններում ընթանում են համառ մարտեր, թե ինչ կլինի, ինչ վիճակ է լինելու, պետք է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։

Մենք որևէ բան չենք թաքցնելու և, առհասարակ, անհնարին է թաքցնել։ Հակառակորդը անընդհատ խոցում է և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ Մեխակավանի, մենք էլ դիմադրում ենք։ Սա է վիճակը։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am