ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ՀՌՀ-ում ծանոթացել են մշտադիտարկման աշխատանքներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 16-ին ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՀ մամուլի ծառայությունից, Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև  արտահերթ ընտրությունների ընթացքում Հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:

ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում Հանձնաժողովին իր  գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում:

Ըստ աղբյուրի՝ ՖՄԿ պատվիրակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը:

ՀՌՀ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին: