8000 տնակ աղետի գոտում, ի՞նչ պետք է անել իրավիճակ փոխելու համար. Վահան Թումասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի «Շիրակ» կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը

– Պարո՛ն Թումասյան, երկրաշարժից 31 տարի անց ի՞նչ իրավիճակ ունենք աղետի գոտում: Իշխանությունները հայտարարում են, որ 453 անօթևան ընտանիքներ են շահառու ճանաչված, որոնց բնակարանային խնդիրները փորձում են մինչև հաջորդ տարեվերջ լուծել:

– Աղետի գոտում նույն իրավիճակն է, ինչ նախորդ տարի էր: Այսինքն՝ դեռ շոշափելի քայլեր չկան, որովհետև այն աշխատանքը, որն արվում է կառավարության շենքում կամ ձևավորված հանձնաժողովի շրջանակներում, որում նաև ես եմ ընդգրկված, այնպիսի տպավորություն չի թողնում, որ մարդիկ հավատան, թե խնդիրը շուտով լուծվելու է: Մարդիկ, ովքեր այդ պայմաններում ապրել են 31 տարի, խնդիրն իրենց մաշկի վրա զգացել են, իրենք ավելի լավ գիտեն խնդրի խորությունը, քան այն մարդիկ, ովքեր հայտարարություններ են անում:

Առաջին՝ լավ է, որ վարչապետը կարևորում է այդ հարցը, և հաջորդ տարվա բյուջեում բավական զգալի հատկացումներ կան այդ ուղղությամբ: Բայց աղետի գոտին չվերականգնվելու հիմնական պատճառների մեկն էլ անկազմակերպ որոշումների ընդունումն էր նախորդ իշխանությունների օրոք: 

Սխալ է, երբ բնակարանների գնման վկայականների միջոցով են փորձում խնդրին լուծում տալ: Այդ բնակարանի գնման վկայականների արժեքը ցածր է, նրանք բնակարանների վաճառքի շուկան առանց ուսումնասիրելու նման քայլեր են անում: Իսկ դա կարող է ազդել որոշումների արդյունավետության վրա: 

Գուցե իշխանություններն ուզում են իրենց մաշկի վրա զգալ այդ սխալը՝ չգիտեմ: Բնակարանի գնման վկայականներ նախկին իշխանությունների օրոք էլ են տրամադրվել աղետի գոտու ընտանիքներին: Բայց հիմա բարեկեցիկ պայմաններով բնակարաններ գրեթե չկան Գյումրիում:

– Այսինքն՝ պետք է նախ բնակարաններ կառուցելու հա՞րցը լուծեն իշխանությունները:

– Այո՛, բայց ոչ միայն: Երկրաշարժից հետո կառուցված շենքերը 30 տարի չեն նորոգվել, բնակության համար գրեթե պիտանի չեն: Շենքերը ամուր են, կանգուն են, բայց բնակարանի ներսում տնակից վատ վիճակ է: 

Հիմա միայն այդ բնակարաններն են վաճառքի հանված և, իհարկե, շատ ճոխ ու թանկարժեք առանձնատները: Դրա համար ես միշտ ասում էի՝ եթե ուզում եք բնակարանի գնման վկայականի տարբերակը կիրառել, գնեք վատ վիճակում գտնվող այդ բոլոր բնակարանները, հատկացումներ արեք, նորոգեք, հասցրեք բնակվելու համար պիտանի մակարդակի, հետո գնման վկայականներ տվեք: 

Հիմա շատերը կասեն՝ թող գնման վկայականներով այդ բնակարանները ձեռք բերեն, հետո իրենք վերանորոգեն: Բայց պետք է հաշվի առնել, որ այն մարդիկ, որոնց մենք այդ վկայականները հիմա տալիս ենք, ամենաաղքատ ու անճար խավն են: Իրենք ամենայն հավանականությամբ ձեռնպահ կմնան այդ բնակարաններից, որովհետև տնակները գոնե հնարավոր է տաքացնել, փոքր են: 

Մի մասը կարող է բնակարանի գնման վկայականը մարել, այսինքն՝ կեղծ գործարքներ անել, բարեկամի տուն ձևակերպել կամ մեկի հետ մտնել գործարքի մեջ, այդ գումարն այլ նպատակով ծախսել: 

– Կառավարության նիստում վարչապետն ասաց, որ հարցումների արդյունքում այդ ընտանիքների մի մասը համաձայնել է, որ պետությունն իրենց բնակարանի գնման վկայական տա:

– Երևի իրենք մտածել են՝ ավելի մեծ գումար կլինի: Բայց տրամադրված բնակարանի գնման վկայականների արժեքը շատ հեռու է բնակարանների շուկայական գներից: Այս պայմաններում հնարավոր է, որ մարդիկ գումարն օգտագործեն այլ նպատակներով, էլի մնան աղքատ ու արտագաղթեն: 

Իսկ եթե այն տարբերակը կիրառվեր, որի մասին ես խոսում եմ, գոնե մաշված բնակֆոնդը կվերանորոգվեր: Տասնամյակներով աղքատության ու գործազրկության պայմաններում քաղաքի ամբողջ բնակֆոնդը շարքից դուրս է եկել:

– Արդյոք 453 անօթևան ընտանիքների խնդիր լուծելով՝ աղետի գոտում վերանո՞ւմ է անօթևանության հարցը: 

– Այդ թիվը վերաբերում է գյուղական համայնքներում շահառու ճանաչված ընտանիքներին: Գյումրիում ընտրել են 4 վթարային շենքեր, որոնցից 3-ի բնակիչների խնդիրները պետք է լուծվեն բնակարանի գնման վկայականների միջոցով, իսկ մեկ շենքը՝ ամրացնեն: 

Այս ընտանիքները երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներ չեն, բայց մենք շատ վթարային շենքեր ունենք: Այսինքն՝ ո՞նց կարելի է մի շենքի բնակիչներին տալ, մյուսներին՝ ոչ: Ճիշտ կլիներ, որ խնդիրները ոչ թե այս ձևով լուծվեին, այլ աղետի գոտու համար նոր ծրագիր մշակվեր: 

Մենք հսկայական հետազոտական աշխատանք ենք արել այդ ուղղությամբ, փաթեթներ պատրաստել: Դա պետք է հիմք լինի, որ արդյունք ապահովվի, միայն ուսումնասիրելով չես կարող խնդիրը լուծել: 

Դա հիմք ընդունելով՝ կառավարության կողմից նոր ծրագիր պետք է ընդունվեր, և քայլ առ քայլ առաջ գնային: Օրինակ՝ ես կողմ կլինեի, որ ոչ թե 227 ընտանիքի բնակարանի գնման վկայական տային, ինչպես Կառավարությունը վերջերս հաստատեց, այլ 50 ընտանիքի, բայց այդ մարդկանց հարցը վերջնական լուծվեր, առաջ գնայինք: 

Մեր կենտրոնը հիմա այդ սկզբունքով է աշխատում, հովանավորները, ովքեր բնակարան են գնում անօթևան ընտանիքների համար, հաշվի են առնում ամեն մանրուք: Լիարժեք ուսումնասիրում են՝ արդյոք ընտանիքի անդամների թվին համապատասխան սենյակներով բնակարա՞ն ենք գտել, եթե ոչ՝ նոր բնակարան ենք փնտրում կամ նոր ընտանիք:

– Այսինքն՝ հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ խնդրին պետք է համալիր մոտեցում ցուցաբերվեր, բայց դա չկա՞:

 – Մենք հիմա համալիր վերլուծություն ունենք, հանձնաժողովը մեկ տարի աշխատել է, այդ ամբողջ ինֆորմացիան կա: Բայց այդ պրոբլեմը ամբողջովին զգալ, գիտակցել և այդ գիտակցածի հիման վրա որոշում կայացնելու մղումը չկա: 

Բայց ես հույս ունեմ, որ 2020 թվականի վերջին, երբ բնակարանի գնման վկայականների տրամադրման արդյունքը տեսնեն, համապատասխան փոփոխություններ կանեն իրենց մոտեցումներում: 

Այնպես չէ, որ նախորդ իշխանությունները բան չեն արել, 4000 բնակարան միայն Մուշ թաղամասում են կառուցել: Բայց խնդիրն այն էր, որ նախորդ իշխանությունները կիսատ-պռատ էին անում: Հիմա պետք է զերծ մնալ նախկին սխալները կրկնելուց:

– Ձեր առաջարկություններն այդ հանձնաժողովում լսո՞ւմ են:

– Այո՛, շատ լավ լսում են, բայց հետագայում, երբ ժամանակ է անցնում, որոշումները նայում եմ, իրականում հասկանում եմ, որ երևի ինչ-որ տեղ ավելի զորեղ խորհրդատուներ կան:

– Եթե գյուղերում այդ 453 ընտանիքի խնդիրը լուծվի, դրանից հետո ի՞նչ է մնում աղետի գոտում:

– Չի լուծվում, ես չեմ կարծում, թե այդ մեթոդով խնդիրը կլուծվի:

– Իսկ քաղաքների մասով ի՞նչ պետք է արվի:

– Գյումրիում, ինչպես ասացի, այդ 4 վթարային շենքերի խնդիրն է դրված: Այդ շենքերի բնակիչներին պետք է բնակարանի գնման վկայականներ տան, շենքերից երեքը քանդեն, մեկն ամրացնեն: 

Բայց այդ շենքերի ամբողջ բնակիչները չեն կարողանալու մարել այդ վկայականները, բնակարան գնել: Ես կարծում եմ՝ նրանք բնակարանի գնման վկայականները հետ կտան, քանի որ տներ կփնտրեն ու չեն գտնի:Ավելի արդյունավետ էր, եթե պետությունը գներ այդ բնակֆոնդը, նորոգեր և վիճակահանությամբ բաժաներ շահառու ընտանիքներին:

– Ընդհանուր առմամբ, Շիրակի և Լոռու մարզում քանի՞ անօթևան ընտանիք կա:

– Միայն 8000 տնակ է հաշվառված աղետի գոտում: 2800-ի չափ տնակ կա միայն Գյումրիում: Բայց Գյուրիում կան նաև վթարային շենքերի բնակիչներ: Այսինքն՝ միայն Գյումրիում 3000-ից ավելի անօթևան ընտանիք կա: Որոշում պետք է կայացնեն, թե ում են տալիս տուն, սահմանեն:

Իրենք ուրիշ ճանապահով են գնացել, ոչ թե որոշում են՝ ո՛ւմ ճանաչել անօթևան, այլ իրենք գնացել են վթարայի շենքերի բնակիչներին են շահառու ճանաչել: Այսինքն՝ որոշել են 4 շենքի խնդիր լուծել: 

Բա էն մյուս վթարային շենքե՞րը, բա դոմիկներում ապրողները, այն 2800-ը: Նրանց մասին առհասարակ խոսք չկա: Նրանք ասում են՝ պետությունը պարտավորություն չունի այդ ընտանիքների նկատմամբ, իրենք շահառու չեն: Բայց պետությունը նաև չի սահմանել, թե՞ ինչ է նշանակում շահառու լինել, ինչպե՞ս լինել շահառու:

– Այսինքն՝ եթե կառավարությունն իր հայտարարածի համաձայն առաջիկա երկու տարիներին լուծում է անօթևանության խնդիրը, դրանից հետո աղետի գոտի հասկացությունը շարունակելու է մնա՞լ:

– Ես չգիտեմ, գուցե իրենք ինչ-որ գաղտնի բան են պատրաստել, որի մասին ես տեղյակ չեմ: Նախօրոք չեմ ուզում կռռալ այդ խնդրի վրա: Մի կողմից կարևոր է ցանկությունը, որ Գյումրին պետք է ազատվի տնակներից:

Երբ այդ գաղափարը կմտնի իշխանությունների մեջ, իրենք հետագայում ստիպված կլինեն նաև ինչ-որ գործողություններ կամ որոշումներ կայացնել: Վատն այն է, որ իրենց սխալների վրա պետք է սովորեն, բայց լավ կլիներ, եթե նախորդ իշխանությունների սխալներից հետևություններ անեին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am