Միանշանակ ճիշտ էր Պուտինին դիմելը, սա մարդասիրական աղետ է. Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով խնդրել է նրան գործադրել բոլոր հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ։ Երեկ էլ Պուտինը ծավալուն անդրադարձ ունեցավ խնդրին։ Սա նշանակում է՝ առանց ՌԴ-ի միջամտության հնարավոր չէ՞։

– Իսկ ի՞նչ եք կարծում, եթե առանց միջամտության հնարավոր լիներ, վաղուց լուծված կլիներ։ Հիմա Թուրքիան է պատերազմում, ահաբեկիչներ, Ադրբեջան… Մենք միասնականորեն պետք է այս սարսափելի արհավիրքին դիմակայենք։ Բացի այդ, ՌԴ-ն եղբայրական երկիր է, որտեղ ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, ՌԴ-ն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։

– Ստեփակերտում այսօր իրավիճակն ինչպե՞ս է։

– Իրավիճակը նույնն է, որևէ էական փոփոխություն չի կրում։ Հակառակորդը իր գրոհները շարունակում է, փորձում է ամեն ինչ անել, որ մխրճվի, տղաները հերոսաբար պատերազմում են, պայքարում, հետ շպրտում։ 

– Հիմա և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ուղղություններով պետք է աշխատանքներ իրականացվե՞ն։

– Երկու ուղղությամբ էլ ընթանում են աշխատանքներ, և դա ճիշտ է։

– Երեկ Պուտինի տված հարցազրույցն ինչպե՞ս եք գնահատում։ Նա նշեց, որ Կովկասում ՌԴ և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։ Բացի այդ, նշեց, որ հակամարտությունը սկսվել է հայերի դեմ գործած հանցանքներից։

– Բացառիկ հարցազրույց էր։ Որևէ երկրի ղեկավար, ՌԴ կամ մեկ այլ երկրի, երբևէ չէր անդրադարձել ԼՂ ակունքներին, սա նշանակում է կարգավորման տեսլական ունենալ։ Նա անդրադարձել է, ասել, թե որտեղից է սկսվել, որտեղից է այդ վայրագությունը, ԼՂ հարցում Ադրբեջանի վարած քաղաքականությունը և այլն։

– Գրեթե մեկ ամիս է՝ պատերազմ է։ Ինչպե՞ս պետք է հասնել հրադադարի հաստատման։

– Հրադադարը պիտի հաստատվի, իսկ թե ինչ ձևով՝ ցույց կտա ժամանակը։ Մենք կանգնած ենք, պայքարում ենք, բայց պետք է լինի միջազգային միջամտություն։

– Բավարար չէ՞ր միջազգային միջամտությունն այս ընթացքում։

– Մենք բոլորի արձագանքը կարևորում ենք, բայց պետք է հասկանանք իրավիճակը։

– Այնուամենայնիվ, կարծում եք՝ Արայիկ Հարությանի դիմելը Պուտինին ճի՞շտ էր։

– Կարծում եմ՝ Պուտինին դիմելը միանշանակ ճիշտ էր, նա, ով ասում է, թե ճիշտ չէ, կա՛մ սպեկուլյացիաներով է զբաղված, կա՛մ ավելի ճիշտ է, թող գա տեսնի իրավիճակը, սա մարդասիրական աղետ է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am