«Իմ միակ տղան էր Մոնթեն, ու պատերազմը տարավ». մայրն ասում է՝ որդուն հերոսի անունով էին կնքել, բայց չէին մտածում, որ իրենց «Մոնթեն էլ կհերոսանա»

«Իրա անունը դրել էինք հերոս Մոնթեի անունով, բայց չգիտեինք, որ իմ Մոնթեն էլ կհերոսանա»,- հուզմունքով ասում է 40-ամյա Ստելլա Մելքումյանը, որը պատերազմի ժամանակ կորցրել է միակ որդուն։

19-ամյա Մոնթե Մելքումյանը ավելի քան 1 տարի եղել է զինվորական ծառայության մեջ, երբ սկսվել է Արցախյան պատերազմը։

Մոնթեն առաջնագծում պաշտպանում էր հայրենիքը, երբ հակառակորդի կողմից անօդաչու սարքի հարվածից նախ վիրավորվում, ապա ընկերներին օգնության հասնելիս երկրորդ հարվածից զոհվում է։ Ընտանիքը դեպքից 7 ամիս անց դեռևս չի կարողանում հավատալ, որ այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել, իրականություն է։

«Հոկտեմբերի 23-ի իրիկունը մեծ մեքենաներով զինվորներին տեղափոխել են մի դիրքից մեկ այլ դիրք, անօդաչուով նկարել են ու խփել են։ Որ սկզբում խփել են, տղաս էդ մեքենայից փրկվում ա, հեռու ա գնում, հետո հետ ա գալիս, որ ընկերներին օգնի: Ինքը վիրավոր ա լինում, նորից ա խփում անօդաչուն, մահանում ա… Իրա մոտ ընկերն ա պատմել, էդ տղեն էլ վիրավորվել էր։

Իմ միակ տղան էր Մոնթեն, ու պատերազմը տարավ»,- հուզմունքը զսպելով ասում է Ստելլա Մելքումյանը։

Ստելլան ասում է, որ մինչ օրս չի համակերպվում որդու կորստի հետ․ «Հավատս չի գալիս, որ էսքան բանը կատարվում ա, ինձ թվում ա, թե որդիս կենդանի ա»։

Մելքումյաններին սկզբում հայտնել են, որ իրենց որդին վիրավոր է, Մոնթեի հայրը՝ Նվեր Մելքումյանը, փնտրել է հիվանդանոցներում, սակայն չի գտել, ավելի ուշ իմացել են, որ տղան զոհվել է:

«Ամսի 24-ին առավոտյան ամուսնուս զանգեցի, ասում եմ՝ զանգում եմ, անհասանելի ա… Ինքը սկսեց զանգել, սաղին խառնեց իրար, թե խի չի վերցնում, մեկը ասեց՝ վիրավոր ա, բայց չգիտենք որտեղ ա: Գնաց հիվանդանոցներ, մորգ, բայց ոչ մի տեղ չկար… Մենք էլ մտածեցինք, որ կարող ա վիրավոր ա, սկորիով տարած լինեն Երևան, զանգեցինք հիվանդանոցներ, բարեկամները գնացին նայեցին: Ոչ ոք չգիտեր՝ որտեղ, տարբեր բաներ ասեցին, հետո չգիտեմ ով, ամուսնուս զանգեց, բա գիտես՝ Մոնթեն զոհվել է»,- պատմում է մայրը։

Մայրը պատմում է, որ որդին նկարչություն էր սիրում, 3 տարի նկարչության է հաճախել, սիրում էր ֆուտբոլ, շատ կարգապահ էր և անսահման բարի:

«Լավ էր ծառայում, կարգապահ էր, դրա համար խրախուսել էին։ Ութ ամսվա ծառայող էր, ուղղարկեցին Սովետաշեն՝ նոր զենքին տիրապետելու։ Առաջադրանքը կատարեց պատվով և արժանացավ երրորդ կարքի շքանշանի։ Շատ ընկերասեր էր ու շատ ընկերներ ուներ։ Ինձ հաճախ ասում էր՝ շատ մի չարչարվի, միշտ հոգ էր տանում։ Շատ դժվար է, երեք աղջիկ ունեմ, իրանց համար եմ ապրում, բայց էս ապրել չի»,- ցավով նշում է մայրը։

Ստելլան ասում է, որ ամբողջ օրն անցնում է որդու մասին հուշերով։ Աղջիկներն էլ ամեն պահ հիշում են եղբոր հետ անցկացրած ժամանակը․ «Անգամ մի փոքր բանի համար որ կռվում էին, էդ էլ են հիշում, կարծես թե ոչ մի բան էլ չի եղել, պահ ա գալիս՝ մտածում եմ, որ էս ամեն ինչը իրական չի»,- հուզվում է մայրը։

Ստելլան ասում է, որ հիմա ոչ մի երազանք չունի, միայն կցանկանար որդուն գրկել, կարոտն առնել: 

«Ընդհանրապես չէի պատկերացնում, որ էսպես կլինի։ Չեմ էլ կարողանում իմ զգացմունքը բացատրեմ։ Մինչ պատերազմը չնայած նորմալ տուն չունեինք, բայց սիրտս հանգիստ էր, ամեն ինչ լավ էր, կարողացել ենք ապրել, բայց սա ապրել չի։

8 ամիս ա անցել ա էս պատերազմից, բայց ինձ թվում ա՝ ժամանակը կանգնած ա»,- ասում է Ստելլան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am