Մենք շարունակում ենք հողին հանձնել մեր երեխաներին.Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք շարունակում ենք հողին հանձնել մեր երեխաներին։

Ոմանց համար պատերազմում զոհվածները դարձել են արդեն վիճակագրություն, թվեր են հնչեցնում, այսքան զոհ, այնքան զոհ, դարձնում քաղաքական շահարկման թեմա, բայց նրանք ամեն մեկը մի տան ճրագ էին, մի տան լույս ու արև։

Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում հրաժեշտ էինք տալիս ևս մեկ լույս տղայի, ում ծնողները փնտրում էին 44-օրյա պատերազմից ի վեր։

Շատ ծանր ու մաշող է սպասումը, բայց կա փոքրիկ հույս, որ հնարավոր է դեռևս վերադառնա, հնարավոր է։

Դաժան է, ամիսներ շարունակ փնտրել, սպասել, հուսալ ու․․․ողբալ, արդեն ողբալ երիտասարդ, 22-ամյա մատաղ եղած կյանքից մնացած մասունքների վրա։

Ո՞նց ենք մենք դիմանում, հաղթանակներ տոնում ինչ-որ ընտրարշավներում, համոզում, որ մենք լավն ենք, երբ նրանք չքվեարկեցին, իսկ եթե քվեարկեն, մի պահ պատկերացնենք, որ քվեարկում են, ի՞նչ կասեին նրանք մեր մասին, ինչի ենք մենք նման․․․»