Խոշորների եթերաժամանակն ու Արզաքանցյանի պաստառները․ որքան արժեր քարոզչությունը․ FIP.am

Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար բացված նախընտրական հիմնադրամի հաշվին ամենաշատ փոխանցումը ստացել է ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ 

«Քաղաքացիական պայմանագիր» 

Մայիսի 31-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հիմնադրամին փոխանցվել է 453.2 միլիոն դրամ։ Դրանից ծախսվել է մոտ 370 միլիոնը։ «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված միջոցները ծախսվել են պաստառների, գովազդային վահանակների, հեռուստա և ռադիոեթերի վրա։ Ընդ որում, իշխող կուսակցությունը պայմանագրեր է կնքել նաև իրենց ամենամոլի քննադատ հեռուստաընկերությունների հետ։ Ամենախոշոր պայմանագրերը «Քաղաքացիական պայմանագիրը» կնքել է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների հետ՝ յուրաքանչյուրին փոխանցելով 20 միլիոն դրամ։ Իշխանության ամենամեծ քննադատ հեռուստաընկերություններից «Շարկ» ՍՊԸ-ն, որը ներկայանում է «5-րդ ալիք» բրենդով, 3 պայմանագրեր է կնքել «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ ընդհանուր 2.4 միլիոն դրամի։ Հայ հեղափոխական դաշնակցության հեռուստաալիքը՝ «Երկիր մեդիան», 7.2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմներին՝ «Քառյակ մեդիային» պատկանող «Արմնյուզը», որը ևս իշխանության քննադատների շարքում է և սկսել էր AntiNikol նախաձեռնությունը, 2.6 միլիոն դրամ է ստացել քարոզչական հեռուստաժամանակ տրամադրելու համար։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» ՀԸ հետ «Քաղաքացիական պայմանագիրը» կնքել է երեք պայմանագրեր՝ ընդհանուր 8.5 միլիոն դրամի չափով, իսկ երևանյան սփռում ունեցող «Ֆրի նյուզի» հետ՝ 5 միլիոն դրամի պայմանագրեր։ Եվս 2.2 միլիոն դրամի հեռուստաեթերի տրամադրման պայմանագիր կնքվել է «Մո թիվիի» հետ, որը Երևանում հեռարձակում է «Նոր Հայաստան» հեռուստաալիքը։ Հանրային հեռուստաընկերության հետ կնքվել է 2.8 միլիոն դրամի պայմանագիր։ Նախընտրական քարոզչության ընթացքում՝ մինչև հունիսի 16-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ավելի քան 44 միլիոն դրամ է ծախսել վահանակների վարձակալության նպատակով։ 

«Հայաստան» դաշինք

Ընտրություններին մասնակցող ուժերի՝ մինչ հունիսի 16-ը ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ այդ օրվա դրությամբ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամին մուտք է արվել մոտ 308 միլիոն դրամ։ Այդ գումարից ծախսվել է 244.2 միլիոն դրամը։ Գումարի ծախսման հիմնական ուղղությունը եղել է գովազդային ոլորտը՝ հեռուստատեսային ժամեր տարբեր հեռուստաընկերություններում, եթերաժամեր ռադիոալիքներում, պաստառների ու թռուցիկների տպագրություն և այլն։ Հեռուստաեթերի համար ամենախոշոր պայմանագիրը «Հայաստանը» կնքել է «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների հետ՝ յուրաքանչյուրին փոխանցելով 24 միլիոն դրամ, ևս 10 միլիոն դրամի փոխանցում կատարվել է «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությանը, որի ղեկավարը ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի կինն է։ 7.2 միլիոն դրամի պայմանագիր կնքվել է «Կենտրոն» հեռուստաընկերության հետ, նույն ծավալի պայմանագիր էլ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ։ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից Արմեն Թավադյանին պատկանող «Շարկ» ՍՊԸ-ի՝ «5-րդ ալիքի» հետ դաշինքը կնքել է 864.000 դրամի պայմանագիր։ Ընդհանուր առմամբ, ներկայացված հայտարարագրով՝ գովազդային ծառայություններ տողով «Հայաստան» դաշինքը ծախսել է մոտ 50 միլիոն դրամ։ 

«Պատիվ ունեմ» դաշինք

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հիմնադրամին մինչ հունիսի 16-ը փոխանցվել է մոտ 218 միլիոն դրամ, որից ծախսվել է մոտ 200 միլիոնը։ Դաշինքը հեռուստաընկերություններից ամենամեծ պայմանագիրը կնքել է «Շանթի» հետ՝ 15.8 միլիոն դրամի չափով։ 14.4 միլիոն դրամի պայմանագիր կնքվել է «Արմենիայի» հետ, ավելի քան 4.2 միլիոն դրամի՝ «Կենտրոնի» հետ։ Շուրջ 2-ական միլիոն դրամ փոխանցվել է Հանրային հեռուստաընկերությանն ու «Ա թի վիին»։ Քարոզչական պաստառների տպագրման ու տեղադրման վրա մինչև հունիսի 16-ը «Պատիվ ունեմ» դաշինքը ծախսել է ավելի քան 22 միլիոն դրամ, իսկ դաշինքի մեկնարկային միջոցառումն արժեցել է ավելի քան 15 միլիոն դրամ։

«Բարգավաճ Հայաստան» 

Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անցողիկ շեմը, նախընտրական հիմնադրամում հավաքել էր 86 միլիոն դրամ։ Եթերաժամանակի նպատակով Ծառուկյանն ամենաշատը՝ 6.5 միլիոն դրամի չափով գումար փոխանցել է իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությանը, 3.6 միլիոն դրամ փոխանցվել է «Շանթին», 3 միլիոն՝ «Արմենիային»։ 3.4 միլիոն դրամ փոխանցվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, «Ֆրի նյուզին»՝ 2.3 միլիոն, իսկ «Երկիր մեդիային»՝ 4.6 միլիոն, Հանրային հեռուստաընկերությանը՝ 2.8 միլիոն։ Նույնքան գումար ԲՀԿ-ի նախընտրական հիմնադրամից փոխանցվել է «Ա թի վիին»։ 

Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի բազմաթիվ բարձրադիր վայրերում տեսանելի էին գործարար Տիգրան Արզաքանցյանի դիմանկարով պաստառները։ Նա Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն էր և առաջին համարը։ Կուսակցության նախընտրական հիմնադրամի միջոցները հունիսի 16-ի դրությամբ կազմել են 15 միլիոն դրամ։ Դրա առյուծի բաժինը՝ 10 միլիոն դրամը, կուսակցությունը ծախսել է գովազդային վահանակների վարձակալության վրա։ 

Փաստերի ստուգման հարթակ