«Կարծում եմ՝ սա կազմակերպված սաբոտաժ էր». Սեյրան Մինասյանը՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին

«Կարծում եմ՝ սա կազմակերպված սաբոտաժ էր». Սեյրան Մինասյանը՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին
«Կարծում եմ՝ սա կազմակերպված սաբոտաժ էր». Սեյրան Մինասյանը՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին
Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փորձագետ, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը:

– Պարո՛ն Մինասյան, այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սևանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել 210 մլն խմ, այսինքն՝ ավելացնել 40 մլն խմ-ով: Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

– Իհարկե մտահոգիչ է, և ես վատ եմ վերաբերվում հավելյալ ջրառին։ Ըստ էության՝ Սևանով զբաղվող պատասխանատուներն այսօր բերեցին ժողովրդին և կառավարությանը փաստի առաջ կանգնեցրին, որ առանց Սևանից հավելյալ ջրառի հնարավոր չէ իրավիճակը փրկել, այգիները կչորանան և այլն։ Այսինքն՝ հերթական անգամ վատի և ավելի վատի միջև ընտրության առջև կանգնեցրին։

Կարծում եմ՝ սա կազմակերպված սաբոտաժ էր, որովհետև այս տարվա ջրատվությունը եղել է 100 տոկոս, որպեսզի բոլոր ջրամբարները լցվեն՝ Մարմարիկի, Ապարանի, որոնք մասնավորապես կապ ունեին Արարատյան դաշտի ոռոգման հետ, ոռոգման սեզոնից դուրս պարզապես ջուրը բաց են թողել հէկերի համար և այլ նպատակներով և չեն թողել, որ այդ ջրամբարները լցվեն։ Մարմարիկի ջրամբարից մարտի կեսերին սկսել են ջուր բաց թողնել, բայց ի՞նչ էին ջրում մարտի կեսերին… ոչ մի բան։ Ապարանի ջրամբարից ապրիլից սկսել են ջուր բաց թողնել, ի՞նչ են ջրել Ապարանում ապրիլին, երբ մինչև հունիս ամիս գրեթե ամեն օր անձրև էր տեղում։

Այսինքն՝ այստեղից հետևություն, որ սա կազմակերպված է արվել, այլ նպատակներով ջուրը ծախսվել է, և այսօր նորից բերեցին փաստի առաջ կանգնեցրին։ Խնդիրն այն է, որ քանի դեռ այդ մարդիկ են տնօրինում այդ բնագավառը, ոչինչ չի փոխվելու։ Այս տարի էլի Սևանի մակարդակը կիջնի, մինուս կգնա, մյուս տարի կգա այս սեզոնը, ու մենք նորից նույն փաստի առաջ կկանգնենք։

 Նոր կառավարությանը թվում է, թե մի քանի առաջին դեմքերի փոխելով ամեն ինչ փոխվելու է։ Չի՛ փոխվելու։ Հիմնական դերակատարները՝ թե՛ բնապահպանության ոլորտում, թե՛ ջրերի ոլորտում և թե՛ էներգետիկայի, մնացել են նույն մարդիկ, փոքր մասշտաբի կառավարիչները նույնն են, ում ձեռքերով արվել է 10-20 տարվա բոլոր անօրինականությունները և ոչ պատշաճ կառավարումը։ Հիմա նրանք նույն գործն են անում, գուցե՝ մի քիչ տեմպը գցած կամ դեմքերը փոխած։

Փաստը հետևյալն է. 2012 թվականից Սևանի մակարդակի բարձրացումը կասեցված է, Սևանի ջրերի որակը՝ սկսած 2012-ից՝ շարունակաբար վատանում էր, Արարատյան դաշտի հողատարածքների մակերեսը կրճատվում է, ջրի պահանջարկը, չգիտես ինչու, մեծանում է։ Եվ ունենք այն, ինչ ունենք։ Եվ եթե լավ կառավարող եք, վիճակն ինչո՞ւ է այսքան վատ։

– Կարծում եք՝ բավարար չէ՞ միայն կառավարության առաջին դեմքերի փոփոխությունը, պետք է ավելի ստորին օղակներո՞ւմ էլ այդ փոփոխությունները լինեին։

– Իհարկե, արդյունքում նույն կադրերն են, նույն կապերը, նույն ներքին պայմանավորվածություններն են, նույն ոչ արդյունավետ, վատնողական, քողարկիչ, իմիտացիոն սխեմաներն են։

– Նախորդ տարի որպես հիմնական պատճառ նշում էին 130 հազար ընտանիքի ոռոգման ջրով ապահովելու խնդիրը։ Այս տարի նույն փաստարկն է բերվում։ Նորից պնդում եք, որ սա մանիպուլյացիա՞ է։

– Ամեն տարի նույն փաստարկն է լինելու։ Ջուրը ոռոգման սեզոնից դուրս բաց են թողնում, չեն թողնում ջրամբարները լցվեն, տալիս են հէկերին, փողը՝ չգիտեմ՝ ինչ են անում, հետո գալիս է ոռոգման սեզոնը, և վերանորոգման, բարեկարգման, արդյունավետության բարձրացման աշխատանքներ չեն անում, գումարները ծախսված են, իսկ կորուստները ահռելի չափերի են հասնում։ Եվ այս ամենը քողարկելու համար նորից Սևանից ջուր են վերցնում:

– Եթե այսպես շարունակվի, Սևանն աստիճանաբար կորցնելու վտանգի առա՞ջ ենք կանգնելու։

– Իհարկե, որովհետև լիճը հիմա շատ անհավասարակշիռ վիճակում է, սնուցիչ նյութերի կոնցենտրացիան շատ բարձր է, թթվածինը՝ շատ ցածր, հատակամերձ շերտում ամոնիումի կոնցենտրացիան շատ բարձր է, հատակի ջերմաստիճանը բարձր է, և եթե այսպես շարունակվի, լիճը կկորցնենք, այն շատ արագ կճահճանա, և դա տեղի չի ունենա հազար տարում, որ մենք դա չզգանք։ Դա տեղի կունենա մեր աչքի առաջ մի քանի տարում։ Այս տարի առաջին անգամ դեմոնստրատիվ, գունավոր բոլորս տեսանք, հոտը զգացինք, և եթե այսպես շարունակեն Սևանին վերաբերվել, մենք մի քանի տարի հետո այնտեղ մի մեծ ճահիճ կունենանք։

– Նախորդ տարի նշվում էր, որ սա Սևանի էկոհամակարգի վրա սա բացասական ազդեցություն չի ունենալու։ Այս տարի նույնն են պնդում։

– Բայց փաստացի լիճն այս տարի ծաղկեց։ Հիմա էլ են նույն բանն ասում, բայց մյուս տարի էլի լիճը կծաղկի եթե ոչ այս մասշտաբի, այնուամենայնիվ, կծաղկի՝ կապված ջերմաստիճանի հետ։ Եթե ջերմաստիճանը բարձր եղավ կամ այս չափի, ավելի շատ կծաղկի, և այս ամենը ավելի երկար կտևի։ Ովքե՞ր են ասում, որ չի ազդի Սևանի էկոհամակարգի վրա… էներգետիկները, որոնց համար Սևանա լիճ ընդամենը ջրի տարողություն է, այսքան սմ-ով կբարձրանա, այսքան կիջնի և վերջ։

– Խնդրի ի՞նչ լուծում եք տեսնում հիմա։ Բնապահպաններն անընդհատ ահազանգում են, բայց չեն կարողանում ազդեցություն ունենալ։

– Անկեղծ ասած, ես արդեն չգիտեմ։ Կառավարական օղակները պատասխանատվությունն իրար վրայից գցում են, և այս պայմաններում ես չգիտեմ՝ ինչ պետք է արվի։ Դեռ նախորդ տարի դիմել եմ բնապահպանության նախարարություն նախորդ տարվա համար, որ իջել է ջրի մակարդակը, օրենքը խախտվել է, լիճը ծաղկել է, ո՞վ է պատասխան տվել։

Իրենք էլ պատասխանել են, որ մենք ընդհանրապես մեղավոր չենք, մենք դեմ ենք եղել, մեղավորը Ջրպետկոմն ու Ակադեմիայի հանձնաժողովն է։ Հանձնաժողովն էլ ասում է՝ ես փորձագիտական խումբ եմ, կարծիք եմ հայտնել, ի՞նչ է եղել։

– Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր իր ելույթում նշեց, որ այս ամենը ուղիղ հարված է տուրիզմին։

– Իսկ ճահճում ո՞վ կգնա հանգստանալու։ Իհարկե այս ամենը հարվածելու է տուրիզմին։ Իմ ջրասուզակ ընկերները եկել էին Ֆրանսիայից, Կլոդ Թուլումջյանը Մարսելից եկավ հասավ Հայաստան, բայց Սևանում չլողացավ, թողեց հետ գնաց։

– ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ոռոգման աղբյուր չենք ունենա, Սևանա լճից ջուր բաց կթողնվի։

– Ոռոգման ջուրը լիովին բավարար է ոռոգման համար։ Ոռոգման համակարգը եթե նորմալ վերանորոգեն, կորուստները քչացնեն, խելամիտ կորուստների բերեն, Սևանա լճից ոչ մի հավելյալ ջրառի կարիք չի լինի, իսկ մենք ոռոգման համակարգում ջրի 80 տոկոսը կորցնում ենք, ջրի միայն 20-25 տոկոսն է հասնում բույսին, դե, պատկերացրեք՝ եթե 50 տոկոսը հասնի այդ բույսին, պարզ է, որ Սևանից հավելյալ ջուր վերցնելու կարիք չի լինի։

Ինչո՞ւ եք մարտ-ապրիլ ամիսներին դատարկում Մարմարիկի ջրամբարը։ Եթե այս ամենը ճիշտ կարգավորեն, Սևանից ընդհանրապես լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։ Հայաստանում տարեկան գոյանում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր, Հայաստանի բոլոր դաշտերը միջազգային նորմերով ոռոգելու համար 1-1,5 մլրդ խորանարդ մետր ջուր է հարկավոր։ Ճիշտ կառավարման դեպքում 20 տոկոսով կարելի է ոռոգել բոլոր դաշտերը։

Հասկանում եմ, որ մեկ օրում այդ համակարգը չի ստեղծվի, բայց այն, որ Սևանից կարելի է հավելյալ ջուր չվերցնելով Արարատյան դաշտը ոռոգել, հաստատ է։

2002-2012 թթ. 3,5 մետրով բարձրացել է Սևանի մակարդակը, Արարատյան դաշտի հողատարածքներն էլ ավելի շատ են եղել, քան հիմա: Այդ ինչո՞ւ այն ժամանակ դրանք ոռոգվել են, Սևանա լճի մակարդակն էլ բարձրացել է, իսկ 2012-ից մինչև հիմա անընդհատ ջուրը չի հերիքում, իսկ հողատարածքներն էլ թեև կրճատվել են, բայց Սևանից հավելյալ ջուր են բաց թողնում։

Մանե Հարությունյան

MediaLab.am