«Ծնողներս դեմ էին Ջոյին, ասում էին՝ բարեկամներն ինչ կմտածեն, հիմա շատ են սիրում»․ հայ-կորեական ընտանիքը, տոլման և ապագան Հայաստանում

Նարինե Գյուլնազարյանը չէր էլ կարող ենթադրել, որ տոլմայի մասին պատմող իր կորեերեն տեսանյութը կարող էր շրջադարձային դառնալ իր կյանքում։ 

Ասում է՝ տեսանյութը տեղադրելուց հետո նկատեց, որ մի կորեացի մեկնաբանություն է գրել՝ ես եկել եմ Հայաստան, շատ եմ հավանել Հայաստանը, իսկ հիմա սովորում եմ հայերեն։ 

Նարինեի խոսքով՝ կյանքում առաջին անգամ էր տեսնում Հայաստանով հետաքրքրվող կորեացու, որը նաև հայերեն էր սովորում։ Այդ ժամանակ նրա մտքով անգամ չէր անցնի, որ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Սեուլից Երևան տեղափոխված Յոնգ Թաեկ Ջոյին․․․

Ասում է՝ այդ ժամանակ Ջոյին հայերեն սովորելու հարցում օգնելու պատրաստակամություն հայտնեց, բայց այդքան էլ պարտաճանաչ չգտնվեց։ 

«Ջոն ինձ նամակ էր գրել, իսկ ես նրան 3-4 օր հետո էի պատասխանել, որովհետև շատ զբաղված էի՝ աշխատանք, դասեր, հետո արդեն մեկնեցի հանգստի այլ երկիր։ Ջոն էլ հիասթափվել էր ինձնից, և այլևս հարցեր չէր տալիս»,- հիշում է Նարինեն և հավելում՝ հազվադեպ էին Ջոյի հետ շփվում։ 

Իսկ Ջոն 2018 թվականից էր Հայաստանում ապրելու երազանքը փայփայում։ Իր խոսքով՝ մինչ այդ ճամփորդել էր ավելի քան 120 երկրում, բայց Հայաստանի մասին երբևէ չէր լսել։

Հայաստանի մասին Ջոն տեղեկացել է իր ճամփորդություններից մեկի ժամանակ, երբ անծանոթ մի հայ տղամարդ Մոլդովայում խորհուրդ է տվել՝ գնա Հայաստան, դու այն շատ կսիրես։ 

Լսելով նրան՝ Ջոն Մոլդովայից մեկնել է Ուկրաինա, Ուկրաինայից՝ նավով դեպի Վրաստան, ապա՝ Հայաստան։ Ասում է՝ շրջել է ամբողջ Հայաստանով, բայց այնքան չի տպավորվել բնությամբ և ճարտարապետությամբ, որքան հայերով՝ իրենց ջերմությամբ ու բարությամբ։ 

120-ից ավելի երկրում եղած Ջոն շեշտում է՝ հայերից ավելի ջերմ ու լավ ազգ դեռ չի տեսել, այդ պատճառով էլ մինչ օրս շարունակում է սիրել նրանց։ 

«Երբ կանգ էի առել Մեղրիի հյուրանոցներից մեկում, մի պապիկ կար, շատ բարի էր, ինձ ասում էր՝ արի, արի, մենք միասին ուտում և խմում էինք։ Գյումրիում էլ են մարդիկ շատ բարի։ Մի անգամ, երբ մոռացել էի դրամապանակս, մի տատիկ, որն անգլերեն էր խոսում, շատ տեղեր զանգահարելով՝ օգնեց գտնել դրամապանակս։ Ինձ ասում էր՝ մի՛ անհանգստացիր, ես կգտնեմ, ու գտավ»,- պատմում է Ջոն և նշում՝ հենց հայերի հանդեպ սերն էր և երկրի հանգստությունը, որ որոշեց գալ և ապրել Հայաստանում։ 

Ջոյի խոսքով՝ այդ ժամանակից սկսել է մտածել, թե ինչպես կարող է Հայաստանում ապրել, ինչո՞վ պետք է զբաղվի այստեղ, ինչպե՞ս պետք է գումար աշխատի և այլն։ Եվ որոշել է Հայաստանում կորեական ռեստորան բացել, ինքն էլ՝ գլխավոր խոհարար։ 2019 թվականի հոկտեմբերին կրկին եկել է Հայաստան՝ նույն ամսից շարունակելով նաև հայոց լեզվի ուսուցումը Երևանի պետական համալսարանում։ Ասում է՝ յոթ լեզու գիտի, բայց ամենաբարդը հայոց լեզուն է սովորում, քերականությունը շատ տարբեր է մյուս լեզուներից։

«Իմ միակ ընկերը Հայաստանից Նարինեն էր։ Առաջին անգամ Հանրապետության հրապարակում հանդիպեցինք, բայց ես Նարինեից էլի հիասթափվեցի, քանի որ նա իր մոր հետ հեռախոսով շատ բարձր էր խոսում, և ես այլևս չէի ուզում նրա հետ հանդիպել»,- ասում է Ջոն և հավելում՝ ինքն ավելի ուշ է հասկացել, որ բոլոր հայերն են շատ բարձր խոսում։ 

Ջոյի երկրորդ հիասթափությունը Նարինեից եղել է այն, երբ Նարինեն զանգել և հրավիրել է իրեն տորթ ուտելու, իսկ տորթը եղել է շատ փոքր Ջոյի համար։ Ջոյի խոսքով՝ ինքը մի քանի րոպեում այդ փոքրիկ տորթը կերել է, քանի որ ամբողջ օրը պատրաստվել էր եւ ոչինչ չէր կերել, բայց կրկին հասկացել է՝ չի ուզում հանդիպել Նարինեի հետ։

Հենց այդ ընթացքում էր, որ Նարինեն որոշել էր խորացնել կորեերենի իմացությունը, քանի որ գիդ աշխատելու առաջարկ էր ստացել: Նարինեն խնդրում է Ջոյին իր հետ կորեերեն պարապել, և Ջոն համաձայնում է։ Թեեւ կորոնավիրուսային համավարակը խանգարում է եւ Նարինեն չի կարողանում որպես գիդ իր կորեերենի հմտություններն օգտագործել, սակայն ավելի ուշ կորեական խոշոր ընկերությունից աշխատանքի առաջարկ է ստանում, որտեղ էլ աշխատում է մինչ այսօր:

«Ես 6 տարի ապրել եմ Աֆրիկայում և այնտեղ ունեցել եմ կորեերենի դպրոց, ավելի ուշ՝ կորեերենի դպրոց եմ բացել նաև Բոլիվիայում, այդ պատճառով ինձ մոտ կորեերեն սովորեցնելը շատ լավ էր ստացվում։ Մենք Նարինեի հետ մի քանի ամիս կորեերեն պարապեցինք»,- «Մեդիալաբին» պատմում է Ջոն։

Նրանց խոսքով՝ իրենցից ոչ ոք չի մտածել սիրային հարաբերություններ զարգացնելու մասին, որովհետև չեն հասկացել, որ սիրում են իրար։ 

«Ես այն ժամանակ հասկացա, որ սիրում եմ Ջոյին, երբ Հայաստանում մնալու նրա 6 ամիսը լրացել էր, և նա պետք է գնար։ Հիշում եմ՝ շատ ուշ ժամ էր, բայց ես լաց էի լինում։ Այդ ժամանակ հեռախոսս վերցրի, լացելով զանգեցի Ջոյին և ասացի, որ սիրում եմ իրեն և չեմ ուզում, որ գնա։ 

Այդ պահին Ջոն զարմացավ, բայց քիչ անց ինքն էլ ասաց, որ սիրում է ինձ։ Մեր միության համար ես Ջոյի առաջ երեք պայման դրեցի՝ տուն գնել Հայաստանում, քրիստոնեություն ընդունել և այլևս չծխել, քանի որ շատ էր ծխում»,- ասում է Նարինեն և հավելում՝ Ջոն էլ իր հերթին մեկ պայման առաջ քաշեց՝ գնալ Կորեա և իրենց հարաբերությունների մասին տեղյակ պահել մորը, որովհետև կորեական մշակույթում այդպես է ընդունված։ 

Ջոն նաեւ մեկ այլ պայմանն դրեց, որ եթե սկսեն հանդիպել, ապա միայն ծնողների թույլտվությամբ, հակառակ դեպքում միությունը չէր կայանա:

«Իմ ծնողները դեմ էին մեր միությանը, որովհետև ասում էին, որ լավ չեն ճանաչում Ջոյին, չգիտեն՝ ով է։ Դեմ էին ոչ թե կոնկրետ Ջոյի հետ միությանը, այլ առհասարակ արտասահմանցու հետ միությանը։ Ասում էին՝ մեր բարեկամներն ի՞նչ կմտածեն մեր մասին։ Նույնիսկ թույլ չէին տալիս հանդիպել, իսկ Ջոն ասում էր, որ չի կարող ուղղակի զանգահարել մորն ու ասել՝ ընտրյալ ունի, դա դեմ էր իրենց մշակույթին։ Հետո Ջոն գնաց Կորեա, սակայն երկու շաբաթ կարանտինի պատճառով այդպես էլ չհանդիպեց մորը, իսկ դրանից հետո նրա մայրը մահացավ, և մենք այդպես էլ չգնացինք Կորեա՝ նրան մեր հարաբերությունների մասին տեղյակ պահելու»։ 

Կորեա վերադառնալով՝ Ջոն գումար է ուղարկում Նարինեին, և սկսվում է հայ-կորեական ընտանիքի տան կառուցումը Չեխովի փողոցում: Որոշ ժամանակ անց էլ ինքն է միանում աշխատանքներին: Տունն արդեն պատրաստ էր: Իսկ Նարինեի առաջ քաշած երկրորդ պայմանը՝ քրիստոնեություն ընդունելը թեև աթեիստ Ջոյի համար խնդիր չէր, սակայն գործընթացն այնքան երկար էր, որ կորեացին այդպես էլ չի ընդունում քրիստոնեություն:

Նարինեն և Ջոն ամուսնացել են 2021 թվականի հունիսի 4-ին՝ Գեղարդում:  

«Այսօր իմ ծնողներն ու բարեկամները Ջոյին շատ են սիրում, որովհետև ամեն ինչով շատ են հավանում։ Ես չէի էլ կարող երազել նման հարաբերություններ»,- ասում է Նարինեն՝ հավելելով, որ, չնայած Ջոյի հանդեպ ընդհանուր լավ վերաբերմունքին, շատերը փողոցում իրենց անկիրթ են պահում նրա նկատմամբ:

Ջոն ասում է՝ իրեն փողոցում շատ են ասում՝ չինացի, բայց դա իրեն վիրավորում է, որովհետև իրենց երկիրը Չինաստանի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունի։ Ասում է՝ դա նույնն է, ինչ փողոցում հայ տեսնելիս ինքն ասի՝ ադրբեջանցի։ Ջոյին վիրավորում է հատկապես այն, որ այդպես են վարվում չափահաս տղամարդիկ։ 

«Իսկ կորոնավիրուսի թեժ շրջանում իրեն ասում էին՝ Կորոնավիրուս»,- նշում է նա՝ հավելելով, որ անմխիթար վիճակում գտնվող քաղաքային տրանսպորտով երթևեկելիս էլ երեք անգամ իրենից գողություն են արել, բայց նույնիսկ դա չի ստիպել իրեն հիասթափվել հայերից, քանի որ երեք անգամ էլ իրեն օգնողն էլի հայ է եղել: Ասում է՝ «ինքը սիրում է հայերին և կարծում է, որ ամեն ինչ կփոխվի»։

Ջոն ասում է՝ կորեական ռեստորան Երևանում բացել չհաջողվեց, սկզբում կորոնավիրուսը, իսկ հետո պատերազմը խանգարեցին գաղափարը կյանքի կոչելուն: 

«Այսօր էլ երկրի վիճակը լավ չէ, որ կարողանամ ռեստորան բացել, բայց չեմ հրաժարվել այդ մտքից, կցանկանամ մի օր բացել: Մտածում եմ այստեղ որևէ բիզնես հիմնել»,- ասում է նա՝ հավելելով, որ Հայաստանում կորեերեն է դասավանդում ինչպես տեղացիներին, այնպես էլ առցանց՝ արտասահմանցի ուսանողներին:

Նարինեն լրացնում է ամուսնուն և տեղեկացնում, որ Ջոն նաև բլոգ է վարում, որը հիմնել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ոգեշնչվելով այստեղի միասնական մթնոլորտից։ Ասում է՝ նրան շատ էր անհանգստացրել այն փաստը, որ ադրբեջանական կողմը տեղեկությունը կորեացիներին հասցնում էր իրեն ձեռնտու կերպով, իսկ Հայաստանից չկար մեկը, որը կորեացիներին պատմեր հայկական կողմի տեսակետը։ Եվ այդպես Ջոն սկսեց վարել բլոգը։ 

«Սկզբում երկու հոգի էին հետևում ալիքին, հիմա արդեն՝ 30, բայց Ջոյին շատ է ուրախացնում անգամ մեկ հետևորդի ավելանալու փաստը»,- նշում է նա:

Ջոն նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով ու քաղաքական դեմքերով է հետաքրքրվում: Ասում է, որ ուշի ուշով հետևում է հատկապես ներքաղաքական զարգացումներին և շատ է զարմանում, որ նախկին պաշտոնյաները, որոնց վերագրվում է տարբեր չափերի հանցանքներ և զանցանքներ, գտնվում են ազատության մեջ: 

«Մեր երկրում չորս նախագահների անգամ բանտ են նստեցրել՝ հանցավոր գործունեության պատճառով»,- ասում է Ջոն՝ նշելով, որ հավատում է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ճիշտ ուղղությամբ է ընթանում: 

Շուրջ մեկ ամսից հայ-կորեական ընտանիքում կծնվի Ջոյի և Նարինեի առաջնեկը: 

Նարինեն հավելում է. «Ջոն ապրում է մեծ հույսով, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, և որ իրենց երեխան ապրելու է լավ երկրում»: 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am